Եվրո 2020. Խումբ «C». Ավստրիա — Հս. Մակեդոնիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Բուխարեստում այսօր իր Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշի Հյուսիսային Մակեդոնիայի ազգային ընտրանին և կմրցի Ավստրիայի հավաքականի հետ: Մակեդոնացիներն, ինչպես օրինակ ֆիններն, առաջին անգամ են մասնակցում նման խոշոր ստուգատեսի: Հիշեցնենք, որ Մակեդոնիան եզրափակիչ փուլի ուղեգիր ստացավ Ազգերի լիգայի խաղարկությունում հաջող մրցելույթների արդյունքում, մինչդեռ Ավստրիան անցավ ընտրական փուլի միջոցով՝ խմբում գրավելով երկրորդ տեղը: Ավստրիացիները 10 խաղից վեցում հաղթեցին ու զիջեցին միայն լեհերին:

Ավստրիան երրորդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը, անցած Եվրոյին չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Կփորձեն այս անգամ ավելի լավ մրցելույթներ ունենալ, չնայած մրցաշարի մեկնարկից առաջ այնքան էլ լավ տպավորություն չեն թողել:

Մունդիալի ընտրական փուլում Ավստրիան երեք խաղում տարել է մեկ հաղթանակ այդ թվում պարտությունը Դանիյից 4:0 հաշվով: Նրանք չհաղթեցին նաև վերջերս կայացած ստուգողական խաղերում, պարտվեցին Անգլիային ու ոչ-ոքի խաղացին Սլովակիայի հետ:

Հյուսիսային Մակեդոնիան շարունակում է զարմացնել, այս ընթացքում հասցրեցին հաղթել անգամ Գերմանիայի ընտրանուն Մունդիալի ընտրական փուլում: Եվրոյից առաջ չորս անպատասխան գնդակ ուղարկեցին ղազախների դարպասը ստուգողական մրցավեճում:

Ավստրիային խոշոր մրցաշարերեում մինչ այս քիչ բան է հաջողվել անել, մտադիր են խախտել տխուր ավանդույթը: Այդ հարցում ավստրիացիները հույսեր են կապում առաջին հերթին Դավիդ Ալաբայի հետ: Որպես կանոն Ֆրանկո Ֆոդայի սաները խաղում են 4-2-3-1 խաղային սխեմայով, երբ եզրայինները շատ բարձր են խաղում՝ հարձակվողներին աջակցելու համար: Այդ դերերում լինելու են Ալաբան ու Շտեֆան Լայները՝ փաստացի կատարելով վինբեկի պարտականություն:

Նրանց հարձակվողական գործողությունները երբեմն բերում են դիսբալանսի թիկունքում, հատկապես, երբ խաղում են չորս պաշտպանով սխեմայով: Այստեղ շատ կարևոր է դառնում հենակետային դիրքում Ֆլորիան Գրիլիչի դերը: Սարգիս Ադամյանի թիմակիցը կարող է տեղ զբաղեցնել կենտրոնական պաշտպաններ Հինտեգերի ու Դրագովիչի միջև՝ ստեղծելով 3-4-3: Ամեն դեպքում ավստրիացիների ուժեղ կողմը շարունակում է մնալ միջին գիծը, որտեղ կաշխատեն Շլագերը, Լայմերն ու Սաբիցերը: Ի դեպ վերջինս

Մակեդոնացիները ըստ ամենայնի կխաղան 5-3-2 խաղային սխեմայով: Այստեղ եզրային պաշտպանները կախված խաղային իրավիճակներից պետք է օգնեն հարձակվողներին, ինչպես նաև պաշտպանությանը: Այս դիրքերում սովորաբար Անգելովսկին վստահում է Ալիոսկիին ու Ռիստովսկիին: Առաջինին սովորաբար ավելի շատ ազատություն են տալիս հարձակվելիս: Օգտակար է հատկապես, երբ բանը հասնում է փոխանցումներին եզրից: Ամեն դեպքում սպասվում է, որ Մակեդոնիան շատ բարձր չի դիրքավորվի խաղադաշտում ու կխաղա խորքից:

  • Հավանական կազմերը՝

Ավստրիայի հավաքական (4-2-3-1) — Շլագեր, Լայներ, Դրագովիչ, Հինտեգեր, Ալաբա, Գրիլիչ, Շլագեր, Լազարո, Բաումգարտներ, Կալայջիչ, Սաբիցեր:

Հս. Մակեդոնիայի հավաքական (3-5-2) — Դիմիտրիևսկի, Վելկովսկի, Մուսլիու, Ռիստովսկի, Սպիրովսկի, Ադեմի, Էլմաս, Ալիոսկի, Պանդև, Տրայկովսկի: