Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակը բնութագրող ցանկացած խոսք կամ քննադատություն սրերով ընդունող ֆեդերացիան կարծես չի շտապում պարզաբանումներ տալ եւ փորձել բացատրել, թե ինչպես ստացվեց, որ դեռ տարեսկզբին պատմություն կերտած, իսկ հետո հաղթական ուղի բռնած ազգային ընտրանին տարին ավարտեց այնտեղ, որտեղից սկսել էր: Գոնե մեզ համար հասկանալի է ու պարզ, որ հայկական ֆուտբոլն իր խնդիրներով հանդերձ չի սկսվում ու ավարտվում ազգային հավաքականով, բայց հաշվի առնելով այն, որ մեր օրերի ֆեդերացիայի համար առաջընթացի թերեւս միակ ցուցիչը հենց հավաքականի մրցելույթներն են, ապա փորձենք հենց այդ անկյան տակ նայել հարցին: Ստորեւ ներկայացված են բացառապես 2021 թվականի արդյունքները, որոնք ցույց են տվել տղամարդկանց ու կանանց Հայաստանի ազգային ընտրանիներն ու տարբեր տարիքային հավաքականները:

ՄՐՑԱՇԱՐ (Տ) ՀԱՎԱՔԱԿԱՆ Խ Հ Ո Պ Խ Բ Մ
ԱԱ ԸՓ Ազգային 10 3 3 4 9 20 12
ԵԱ ԸՓ Մ-21 6 1 0 5 5 17 3
ԵԱ ԸՓ Մ-19 3 2 0 1 4 4 6
ԵԱ ԸՓ Մ-17 3 0 0 3 0 14 0
ՄՐՑԱՇԱՐ (Կ) ՀԱՎԱՔԱԿԱՆ
ԱԱ ԸՓ Ազգային 5 0 0 5 0 36 0
ԵԱ ԸՓ Մ-19 3 0 0 3 0 23 0
ԵԱ ԸՓ Մ-17 3 0 0 3 2 9 0

Ընթացիկ տարում տղամարդկանց ու կանանց Հայաստանի ազգային ընտրանիներն ու տարբեր տարիքային հավաքականներն ընդհանուր հաշվով անցկացրել են պաշտոնական 33 հանդիպում, տարել են 6 հաղթանակ, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի եւ կրել են 24 պարտություն: Վեց հաղթանակից երեքը տարել է ազգային ընտրանին Մունդիալի ընտրական փուլի մեկնարկային երեք խաղում: Մեկ հաղթանակ տարել է երիտասարդականը, եւս երկու հաղթանակ տարել է մինչեւ 19 տարեկանների հավաքականը:

  • Հաջողություն

Դրական արդյունք ցույց է տվել միայն Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որը Եվրոյի ընտրական փուլի իր խմբում զբաղեցրել է երկրորդ տեղն ու նվաճել էլիտ փուլի ուղեգիր: Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից շտապեցին հայտնել, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում 10 տարվա ընդմիջումից հետո: Սա հերթական փորձերից մեկն էր ընդգծելու, թե ինչ թափով է հայկական ֆուտբոլը սլանում դեպի լուսավոր ու պայծառ ապագա: Հատկանշական է, որ մնացած բոլոր ձախողումներից հետո բացի տեղի ունեցածը արձանագրելուց  (շատ հաճախ բավականին ուշացած), գրեթե 0 արձագանք:

Ի դեպ, 2019 թվականին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանին որպես ընդունող կողմ մասնակցեց Եվրոյի եզրափակիչ փուլին: Անցել է դրանից երկու տարուց ավելի եւ այդ հավաքականից ընդամենը 7 խաղացող էր ընդգրկված երիտասարդականի կազմում վերջին հավաքի ընթացքում, մեկն էլ ի դեմս Նարեկ Գրիգորյանի գտնվում էր Կապառոսի տրամադրության տակ ազգայինի ճամբարում: Պարզ է չէ, որ ըստ մեր մարզիչների, խոսքը հայկական ֆուտբոլի ոսկե տղաների մասին է, որոնցից հինգը ներկայացնում են ԲԿՄԱ-ն (Հարություն Մելքոնյան, Վոլոդյա Սամսոնյան, Արամ Խամոյան, Նարեկ Ալավերդյան, Գրենիկ Պետրոսյան), երկուսը «Ուրարտուն» (Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Գրիգորյան), մեկն էլ «Արարատ-Արմենիան» (Արմեն Հովհաննիսյան): Հետաքրքիր է՝ այսքան կադր երիտասարդականին տվե՞լ էր հայկական ֆուտբոլը վերջին 10 տարում:

  • Ձախողումներ
  • Երիտասարդական — Վերը նշված ֆուտբոլային կադրերը խաղընկերների հետ մասին Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կարծես շարունակում են դեռեւս Անտոնիո Ֆլորեսի գլխավորած երիտասարդականի վերցրած կուրսը: Այս տարի հասցրել են վեց հանդիպում անցկացնել, մեկ հաղթանակ ունեն եւ հինգ պարտություն: Կայացած վեց խաղում խփել են հինգ գոլ՝ բաց թողնելով 17-ը:
  • Ազգային — Մեկնարկը պատմական, ավարտը՝ նախորդի պես աղետալի ու ցավոտ: Դոփում ենք տեղում: Անցած մրցափուլի հետ համեմատած վերին երկու տուրում միասին մեկ գոլ պակաս ընդունեցինք՝ 10:1 եւ 9:1:
  • Մինչեւ 17 տարեկաններ — Երեք խաղ, երեք պարտություն, խփած ոչ մի, բաց թողած 14 գոլ: Թերեւս ավելորդ է որեւէ մեկնաբանություն:
  • Ազգային (կանանց) — Հինգ խաղ, հինգ պարտություն, խփած ոչ մի, բաց թողած 36 գոլ: Այսքանից հետո ցավով պետք է արձանագրել, որ օրեր անց Արմեն Սանամյանի գլխավորած ընտրանին մրցելու է Նորվեգիայի հավաքականի հետ:
  • Մինչեւ 19 տարեկաններ (կանանց) — Երեք խաղ, երեք պարտություն, խփած ոչ մի, բաց թողած 23 գոլ: Առանց մեկնաբանության:
  • Մինչեւ 17 տարեկաններ (կանանց) — Երեք խաղ, երեք պարտություն, խփած երկու, բաց թողած 9 գոլ: Առանց մեկնաբանության:
  • Ամփոփում

Սա է հայկական ֆուտբոլի վիճակը ազգային ընտրանիների մասով զուտ վիճակագրությամբ: Սա մտորելու տեղիք պե՞տք է տա, ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի պատասխանատուն կամ պատասխանատուները: Չնայած չզարմանաք, եթե հանկարծ լսեք, որ ամեն ինչ լավ է, իսկ իրավիճակը վերահսկելի: Ասել է, թե մելենդեսյան մեթոդներն ու նրա կողմից մշակված ազգային ծրագիրը նախատեսված է եղել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ներկայիս կազմի ու բացառապես վերջին ընտրական փուլի համար, Կապառոսն էլ փայլել է իր պաշտոնում նախ տանելով պատմական հաղթանակ Մակեդոնիայի հետ ոչինչ տվող խաղում, հետո կրելով պատմական պարտություն նույն մակեդոնացիներից որոշիչ մրցավեճում:

Հաբեթ Հարությունյան