Մխիթարյանն ավելի շատ ու ավելի լավ էր տեղաշարժվում. նա ավելացնում է

«Լանսի» հետ խաղում երևաց՝ Մխիթարյանի խաղում զգալի աճ կա: Համեմատած նախորդ հանդիպումների հետ՝ Հենոն ավելացրել էր ինչպես ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, այնպես էլ տակտիկական առումով: Իհարկե, հայ ֆուտբոլիստի լավագույն մրցելույթը չէր, նկատում են իտալական աղբյուրները, սակայն ընդգծում են՝ գնալով Մխիթարյանը հավաքում է:

Անցած ստուգողական խաղերին Մխիթարյանը խաղաց հիմնականում ձախից: Ֆիզիկական պատրաստվածության առումով հարցերը շատ էին ու կարծես դուրս էր մնում ընդհանուր թիմային խաղից: Իհարկե, սխալ էր ակնկալել, որ հենց մեկնարկից նրան կհաջողվի ցուցադրել այն ֆուտբոլը, որի համար նրան գնահատում են: Անցած վնասվածքն ու բաց թողած շաբաթները չէին կարող անհետևանք անցնել՝ չհաշված արդեն նոր թիմակիցների հետ խաղակցվածության պակասն ու պահանջները մարզչական շտաբից: «Լանսի» հետ խաղում պատկերն այլ էր, առաջխաղացումը՝ նկատելի:

Ֆրանսիական թիմի հետ խաղում նա մտավ փոխարինման: Մխիթարյանն ավելի շատ ու ավելի լավ էր տեղաշաժվում խաղադաշտում: Մի շարք դրվագներում հենց նրա ակնթարթային որոշումների արդյունքում «Ինտերի» գրոհներն ավելի արագ էին զարգանում: Մի քանի անգամ հասցրեց նաև իր ֆիրմային անցումներով աչքի ընկնել: Դեպի մրցակցի դարպասն ուղղված նրա խաղը նկատեցին բոլորը: Ակնհայտ քայլ առաջ էր Հենոյի համար: Մնում է ավելացնել, մրցաշրջանի մեկնարկը սարերի հետևում չէ:

A Սերիան կմեկնրակի մոտ երեք շաբաթ անց: Մինչ այդ «Ինտերն» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի՝ մրցելով ֆրանսիական «Լիոնի» (30.07 / 22:30) ու իսպանական «Վիլյառեալի» հետ (06.08 / 22:30): Հիշեցնենք, որ գալիք առաջնության մեկնարկային տուրում Ինձագիի սաները մրցակցի հարկի տակ մրցելու են «Լեչեի» հետ (13.08 / 22:45):