«Արարատ-Արմենիայի» անբավարար շրջապտույտը. Ինչն է խանգարում թիմին հասնել նպատակին

Այս պահից սկսած յուրաքանչյուր տուրից հետո կարող է պարզ դառնալ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի անունը։ «Արարատ-Արմենիայի» ցանկացած սաթաքումից կարող է օգտվել «Փյունիկը»։ Մրցաշրջանի աշնանային փուլում մրցակիցների «ահ ու սարսափն» էր Գունկոյի թիմը։ Հաղթում էր վստահ, երբեմն խոշոր հաշիվներով, սակայն, սկսած x պահից, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Ութ միավորի առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Փյունիկից» թվում էր եթե ոչ բավարար, ապա զգալի պաշար է սկսածն ավարտին հասցնելու համար: «Արարատ-Արմենիան» կարճ ժամանակում ունեցածը վատնեց ու հիմա՝ առաջնության ավարտից երեք տուր առաջ հինգ միավորով զիջում է փյունիկցիներին։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Ընթացքը հուշում է՝ միգուցե «Արարատ-Արմենիայի» գրասենյակում ճիշտ չէին հաշվարկել և ճիշտ որոշումներ չէին կայացրել։ Թիմը համարյա չթարմացրեց կազմը:  Տպավորություն էր, կարծես ամեն ինչ հարթ չէր նաև հանդերձարանում։ Այլապես ինչպես բացատրել տեղի ունեցածը, երբ գլխավոր մարզիչը մրցաշրջանի որոշիչ փուլում հրաժարվեց առաջնության ռմբարկուներից մեկի՝ Յուսուֆ Օտուբանջոյի ծառայություններից։ Ի դեպ, դա տեղի ունեցավ այն պահին, երբ թիմը գոլ խփելու խնդիր ունի։

Մարզչական շտաբը սկսեց չվստահել նաև ֆուրջել Նարսինգին, որը մշտապես համարվել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Այս ֆոնին չգտնվեցին ֆուտբոլիստներ, որոնք լիարժեք կփոխարինեին նրանց մեկնարկային կազմում:

Ամենակարևոր ու վճռորոշ պահին սխալվեց նաև անփոխարինելի դարպասապահ Վալերիո Վիմերկատին ու թիմը զրկվեց անհրաժեշտ միավորներից։ Պարզ է, որ միայն Դուարտե-Լիմա զույգով շատ հեռուն չես կարող գնալ: Ակնհայտ է, որ «Արարատ-Արմենիան» կարիք ունի «ռեստարտի» և այստեղ մեծ է Պողոս Գալստյանի դերը։

Անցած տարի «Արարատ-Արմենիան» ամբողջովին տապալեց առաջնությունը՝ չնվաճելով նույնիսկ եվրագավաթային մրցաշարի ուղեգիր, մինչդեռ նրանց բյուջեն գրվել էր չեմպիոնության համար:

Դեռևս միայն Վարդան Մինասյանի օրոք է «Արարատ-Արմենիան» հասել նպատակին։ Նրանից հետո բոլոր մարզիչները անհաջողության են մատնվել։ Շշուկներ կան, որ Պողոս Գալստյանը ցանկանում է թիմ հրավիրել Իգոր Պիկուշչակին «Նոայից»։ Ստացվում է՝ Հայաստանի առաջնությունից մարզիչներ դիտարկելով «Արարատ-Արմենիայի» ներուժով թիմը միայն ձախողվում է։ Մինասյանից հետո գործը գլուխ չի բերել ոչ «Լոռիից» տեղափոխված Դավիդ Կամպանիան, ոչ թոշակառու Բայդաչնին, նպատակին կարծես չհասավ նաև «Նոայից» հրավիրված Գունկոն: