Երբ «Փյունիկը» կապահովի չեմպիոնությունը և ինչ հույս ունի «Արարատ-Արմենիան»

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է երեք տուր: Երևանի «Փյունիկը» մրցաշրջանի որոշիչ փուլում  ավելի վստահ հանդես եկավ ու պոկվեց «Արարատ-Արմենիայից»: Կողմերին այժմ բաժանում է հինգ միավոր: Չեմպիոնական մրցավազքում հաղթելու համար այժմ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին պակասում է չորս միավոր: Առնվազն պետք է մեկ հաղթանակ ու մեկ ոչ-ոքի:

  • «Փյունիկն» ունի առավելություն

Հավասար միավորների դեպքում «Փյունիկը» առաջ կանցնի «Արարատ-Արմենիայից»: Կողմերի միջև կայացած խաղերում Մելիքյանի սաներն ունեն առավելություն (երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի, մեկ պարտություն): Դմիտրի Գունկոյի թիմի համար կատարյալ տարբերակ կլինի, եթե իրենք հաղթեն մնացած բոլոր խաղերում, իսկ «Փյունիկն» այդ ընթացքում չվաստակի երեք միավորից ավելի:

  • Թիմերի խաղացանկը

«Փյունիկի» առաջիկա մրցակիցները —  «Ուրարտու», «Արարատ», «Ալաշկերտ»

«Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցները — «Վան», «Ուրարտու», «Արարատ»

  • «Փյունիկ»

Թիմն արդեն նախավերջին տուրում կարող է փակել բոլոր հարցերը, եթե կարողանա առնվազն չորս միավոր վերցնել մոտակա երկու տուրում: Ցանկալի է, որ այդ միավորներից երեքը թիմը վերցնի առաջիկա տուրի «Ուրարտուի» հետ մրցավեճում՝ հաշվի առնելով առաջին հերթին այն, որ «Արարատն» ու «Ալաշկերտը», որոնց հետ մրցելու է նախավերջին ու վերջին տուրում, իրենց հերթին պայքարում են երրորդ տեղի համար: Փյունիկցիների գործը կհեշտանա, եթե «Արարատ-Արմենիան» շարունակի միավորներ կորցնել, իսկ իրենք շարունակեն նույն տեմպով: Արդեն գալիք տուրում «Փյունիկը» կարող է հռչակվել չեմպիոն, եթե իրենք առնվազն ոչ-ոքի խաղան, իսկ «Արարատ-Արմենիան» պարտվի:

  • «Արարատ-Արմենիա»

Ինչ-որ հույս ունենալու համար թիմը պարտադիր առնվազն երկու հաղթանակ պետք է տանի: Գունկոյի սաները կհաղթեն առաջնությունում, եթե՝

  • հաղթեն մնացած երեք խաղում, իսկ «Փյունիկը» չվաստակի երեք միավորից ավելի
  • ինը հնարավորից վաստակեն վեց միավոր, իսկ «Փյունիկը» պարտվի մնացած բոլոր խաղերում
  • ինը հնարավորից վաստակեն յոթ միավոր, իսկ «Փյունիկը» չվաստակի մեկ միավորից ավելի