«Լեռնային Արցախի» մշուշոտ ապագան. թիմը հաղթեց, բայց ինչ է տալիս դա թիմին՝ պարզ չէ

Շատ խորհրդանշական էր, որ հենց Շուշիի ազատագրման օրը «Լեռնային Արցախը» 4:1 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին» և անհասանելի դարձավ մոտակա հետապնդող «Շիրակի» համար։ Ստեփանակերտում շատ ուրախ էին այս առումով, քանի որ երկու տասնամյակ անց «Լեռնային Արցախը» կարող է խաղալ ուժեղագույնների մրցաշարում: Ավելի ճիշտ կխաղա, թե՝ոչ, դեռ հայտնի չէ:

Յուրաքանչյուր ակումբ ամեն տարի անցնում է արտոնագրման գործընթաց, ինչն ինքնին բարդ խնդիր չէ։ ՀՖՖ-ն չի թաքցրել, որ հաճախ օգնում են ակումբներին՝ ավելին դյուրին դարձնելով գործընթացը։ Երբեմն բացահայտ կերպով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, խախտելով բոլոր կանոնադրական կետերն ու սահմանված ժամկետները, կամայական որոշումներ է կայացնում։

Հեռու գնալ պետք չէ: Ընթացիկ մրցաշրջանից առաջ ժամկետից ուշ և առանց պատշաճ փաստաթղթերի Պրեմիեր Լիգայում խաղալու իրավունք ստացավ Առաջին խմբում երրորդ տեղը զբաղեցրած «Նորավանքը», իսկ «Գանձասարն» Առաջին խմբի առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ ստացավ արտոնագիր։ Իսկ թե ինչպես դրանից հետո «Գանձասարը» ՀՖՖ-ից ստացավ նաև համերաշխության գումար, պարզապես, աբսուրդի ժանրից է:

Ինչ վերաբերում է «Նորավանքին», ապա հարցազրույցներից մեկի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը գուցե «սայթաքեց»՝ նշելով, որ իրենք երկու լուրջ ակումբ են բացել՝ «Նորավանքն» ու «Վանը»։ Ի դեպ, «Նորավանքը» օրեր առաջ դարձավ Հայաստանի գավաթակիր, բայց այս առումով պետք չէ հեռու գնացող դատողություններ անել, քանի որ Վահե Գևորգյանի թիմն, իրոք, գավաթի խաղարկությունում գերազանց դրսևորեց իրեն ու արժանի հաղթանակ տարավ:

Վերադառնանք «Լեռնային Արցախին»։ Ինչու, այն, ինչ կարելի է «Նորավանքին», «Գանձասարին», «Վեստ Արմենիային», չի կարելի «Լեռնային Արցախին»։ Ըստ պտտվող լուրերի՝ ՀՖՖ-ն չի տեսնում տարբերակ ըստ որի «Լեռնային Արցախ» անունով թիմ խաղա Պրեմիեր Լիգայում։ Ու գուցե հենց այս պատճառով չեն ցանկանում աջակցել և օգնել արցախցիներին։

Կա ևս մեկ տարբերակ. եթե «Լեռնային Արցախը» փոխի անվանումը և այլ անունով խաղա Պրեմիեր Լիգայում։ Դա միգուցե հարցի լուծման հարմար տարբերակ կլինի կողմերի համար, բայց ակնհայտ կդարձնի ֆեդերացիայի դիրքորոշումը։ Ամեն ինչ, ըստ երևույթին, տանում է նրան, որ ՀՖՖ-ն չի գնա զիջման և «Լեռնային Արցախին» կթողնի «խաղից դուրս»: