Ահա թե որն է «Նորավանքի» և «Արարատ-Արմենիայի» տարբերությունը. Վահե Գևորգյանի ասուլիսի հետքերով

Օրեր առաջ Football365.am-ը գրեց, որ «Նորավանքը», հնարավոր է, Հայաստանի գավաթի խաղարկությունում հաղթելու դեպքում չստանա ՈՒԵՖԱ-ի արտոնագիր և չկարողանա մասնակցել Եվրագավաթային մրցաշարի։

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Նորավանքը» մրցակցի դաշտում հաղթեց ԲԿՄԱ-ին (1:0): Հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ասաց, որ միակ խնդիրն այն էր, որ սկզբում լավ չմտան խաղի մեջ, հետո կարողացան շտկել իրավիճակը, գոլն էլ խփեցին ստանդարտից ու հաղթեցին:

Ասուլիսի ընթացքում մեր թղթակիցը փորձեց ճշտել մարզչից արդյոք տեղյա՞կ է, որ նույնիսկ գավաթին տիրելու դեպքում, չի բացառվում, որ «Նորավանքը» չկարողանա մասնակցել եվրագավաթային խաղարկությանը: Եթե տեղյակ է, ապա երբ է տեղեկացվել այդ մասին:

  • Բազմիցս նշել եք, որ «Նորավանքի» համար գավաթին տիրելը գլխավոր նպատակն է այս պահի դրությամբ: Չի բացառվում, որ նույնիսկ գավաթի տիրելու դեպքում եվրագավաթային մրցաշարի չմանակցեք: Տեղյա՞կ եք արդյոք այդ մասին, եթե այո ապա ե՞րբ եք տեղեկացվել:
  • Որտե՞ղ եմ նշել, որ «Նորավանքի» համար գավաթում հաղթելը գլխավոր նպատակն է:
  • Ասուլիսների ժամանակ:
  • Նշել եմ, որ գործնականում մրցանակային տեղերի համար չենք կարող պայքարել ու հասկանում ենք, որ դեպի եվարագավաթները ճանապարհը մնում է գավաթը, բայց դա չի նշանակում, որ առաջնության խաղերը մեզ համար պակաս կարևոր են: Մենք ամեն խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար: Գտնում եմ, որ դա չի նշանակում, որ գավաթային խաղերը մեզ համար ավելի կարևոր են, քան առաջնության խաղերը: Ինչ վերաբերում է ձեր հարցին: Երևի հինգերորդ թե վեցերորդ անգամ ընդհանրապես մեդիային ես ասում եմ մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ: Եվս մեկ անգամ կասեմ, չեմ զլանա: Թղթաբանությամբ ես չեմ զբաղվում, բայց մենք կդիմենք կամ դիմելու ենք ՈւԵՖԱ: Ինչու, որովհետև, ևս մեկ անգամ կրկնում եմ, աշխարհում ընդհանրապես տարբեր ոլորտներում դե յուրե կամ դե ֆակտո եթե ինչ-որ երևույթ կա, դա նշանակում է ինչ-որ նախադեպ որ կա հնարավոր է որ դա կրկնվի: Հիմա նորից մանրամասն ասում եմ: 2018/19 մրցաշրջանի առաջնությունում մեր չեմպիոն «Արարատ-Արմենիան», դառնալով չեմպիոն, ընդամենը ուներ երկու տարվա պրոֆեսիոնալ առաջնությունների մասնակցության փորձ: Հիմա «Նորավանքն» ինչքա՞ն ունի:

  • Երկու:
  • Ինչն է տարբերությունը «Արարատ-Արմենիայի» ու «Նորավանքի» միջև: Ինչու չպետք է «Նորավանքը» դիմի: Սպասելիքներ ունենք, ակնկալիքներ ունենք: ՈւԵՖԱ-ն կքննարկի: Կորոշեն որ պետք է մասնակցենք, կմասնակցենք: Կորոշեն որ չպետք է մասնակցենք, չենք մասնակցի: Չենք կարող ՈՒԵՖԱ-ի հեռ կռիվ անել, կհամակերպվենք որոշման հետ: Դա է մեր դիրքորոշումը,- եզրափակեց Վահե Գևորգյանը (մարզչի խոսքը մեջբերված է նույնությամբ՝ խմբ․):

Եվս մեկ անգամ նշենք, որ «Արարատ-Արմենիային» արտոնագիր ստանալու հարցում օգնել էր ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակից «Ավան-Ակադեմիայի» իրավահաջորդ հանդիսանալու փաստը։ Այս արտոնությունը նախատեսված է նաև ՈՒԵՖԱ-ի «Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության» կանոնակարգի 14-րդ հոդվածով։

ՈՒԵՖԱ-ի արտոնագրման համար դիմող հայտատուն պետք է առնվազն 3 անընդմեջ մրցաշրջան մասնակցած լինի պաշտոնական մրցաշարերի կամ ունենա պայմանագրային կապ ազգային արտոնագիր ունեցող ու առնվազն 3 տարի պաշտոնական մրցաշարերի մասնակցած ակումբի հետ։ 14-րդ հոդվածը հայտատուին պարտադրում է արտոնագրման գործընթացը սկսելուց առաջ արտոնագրող մարմնին ծանուցել ակումբում տեղի ունեցած իրավական, անվան, գույների, ակումբի իրավունքներն այլ ֆուտբոլային իրավաբանական անձի փոխանցված լինելու մասին։ Ինչը և արել է «Արարատ-Արմենիան»։ Ահա թե որն է «Նորավանքի» և «Արարատ-Արմենիայի» տարբերությունը։