Պարո՛ն Տալալաև, դե սկսեիր Հայաստանի առաջին խմբից, հետո նոր դասեր տայիր Ֆարկեին

Վերջերս ռուսական «Կրասնոդարում», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը, տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Ակումբի ղեկավարության զանգերն անպատասխան թողնելուց հետո պաշտոնանկ արվեց Վիկտոր Գոնչարենկոն, իսկ նրա փոխարեն հրավիրվեց անգլիական «Նորվիչի» նախկին գլխավոր մարզիչ Ֆարկեն:

Ոչ թե մարզչական փոփոխությունը, այլ հենց Ֆարկեի նշանակումը ավելի շատ քննարկվեց ու մինչ օրս քննարկվում է ռուսական մեդիայում: Թեմայի մասին են խոսում են գրեթե բոլորը ու հիմնականում բացասական քողի ներքո: Դժգոհողների ու քննադատողների թվում են նաև ռուս մարզիչները, որոնք բացի իրենց բուն գործունեությունից ներկայանում են նաև որպես փորձագետներ թեմատիկ հեռուստաընկերություններում: Թեմային գուցե չանդրադառնայինք, եթե Ֆարկեին բարոյականության ու կյանքի դասեր «Մատչի» եթերում չտար մշտական փորձագետներից Անդրեյ Տալալաևը, որը ժամանակին շատ հարմարավետ բազմել էր «Փյունիկում» ու ամենուր դասախոսություններ էր կարդում՝ պատմելով թե ինչն այն չէ և ինչպիսի ֆուտբոլային գտածո է ինքը հայկական ֆուտբոլի համար:

Այս պահին Գրոզնիի «Ախմատը» գլխավորող Տալալաևը, անդրադառնալով Ֆարկեի նշանակմանը, ասում է, թե նախ թող գերմանացին անցներ այն ակումբներով, որտեղ խնդիրների պակաս չկա, դրսևորեր իրեն այնտեղ և հետո նոր համաձայներ աշխատել «Կրասնոդարում»: Կարճ ասած՝ ինչով է Ֆարկեն գերազանցում օրինակ հենց իրեն:

Այս ամենն իրոք տարակուսելի է, բայց մյուս կողմից բացում է շատերի աչքերը: Հասկանում ենք՝ այս խոսքերը դժվար հասնեն Տալալաևին ու մեծ հաշվով դա այն չէ, ինչի փորձում ենք հասնել: Սա ուղղված է առաջին հերթին հայկական ակումբների ղեկավարներին, որոնք պարբերաբար հրավիրում են տալալաևների ու նրանց առաջ կարմիր գորգեր փռում:

Ինչի էր հասել Տալալաևն իր կարիերայի ընթացքում կամ ինչ մարզչական ճանապարհ ուներ անցած, որ միանգամից հայտնվեց Հայաստանի այն ակումբում, որն ուներ ամենամեծ (մոտ 3 միլիոն եվրո) բյուջե: Ինչով էր նաև առավել հայ մասնագետներից, որ պետք է ստանար մի քանի անգամ բարձր աշխատավարձ ու ճաշեր Երևանի ամենաթանկարժեք ռեստորաններում: Ինչ խնդիրներ էր նա լուծել նախկին աշխատավայրերում ու ինչու էր «Փյունիկը» բավարարում նրա ցանկացած կապրիզ՝ սկսած մարզական հավաքների անցկացման վայրերերից ու հաճախականությունից մինչև «Մատչի» եթեր դուրս գալը: Այդ ընթացքում «Փյունիկի» խաղից խաղ ժամանակահատվածում Սոչիի հավաքների ընթացքում ավելի շատ գումար էր ծախսում, քան Բարձրագույն խմբում հանդես եկող աուտսայդերների տարեկան բյուջեն էր: Մարդը շաբաթվա վերջ թիմը դուրս էր բերում Հայաստանի առաջնության խաղին, իսկ ժամեր անց արդեն ռուսական եթերում վերլուծում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված տուրի խաղերն ու հայտնում իր հեղինակավոր կարծիքը:

Տալալաևի լոգիկայով ու տրամաբանությամբ Հայաստանում նա առնվազն պետք է սկսեր Առաջին խմբում այդ ժամանակ խաղացող թիմերից, օրինակ, առավելագույնը 300 հազար դոլար բյուջե ունեցող «Լոկոմոտիվից», դրսևորեր իրեն այնտեղ ու նոր հավակներ 3 միլիոնանոց «Փյունիկը» գլխավորելուն, եթե հաշվի առնենք այն, որ նույն Ֆարկեն մինչեւ Ռուսաստան տեղափոխվելը հասցրել է Պրեմիեր լիգայի թիմ մարզել, իսկ ինքը մինչեւ Հայաստանից յուղոտ առաջարկ ստանալը տառապել է «վոլգաներում»:

Հուսով ենք՝ այս ամենին ուշադրություն են դարձնում հայկական ակումբների ղեկավարները ու ապագայում որոշումներ ընդունելիս երկար կմտածեն ու հաշվի կառնեն նման ու այլ կարեւոր հանգամանքներ: