Հայտնի է պաշտոնապես, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բելգիական «Բրյուգեի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը կանցնի աշխատանքի Ամստերդամում ու կգլխավոր «Այաքսը»՝ փոխարինելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրած Էրիկ տեն Հագին:
Ամիսներ առաջ էր «Բրյուգեն» գլխավորել Շրյոդերը: Վերջինիս օրոք Բելգիայի չեմպիոնը կարողացավ կարճ ժամանակում լրացնել միավորների պակասն ու մոտ է երրորդ տարին անընդմեջ չեմպիոնական գավաթը վերցնելուն: Մինչև Շրյոդերին թիմի գլխավոր մարզիչ ղեկը վստահելը, «Բրյուգեի» ղեկավարները դիտարկում էին նաև «Լիվերպուլի», «Մադրիդի», «Բավարիայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Ալոնսոյի թեկնածությունը, որը ներկա պահին աշխատում է հարազատ «Ռեալ Սոսիեդադի» համակարգում ու գլխավորում է ակումբի երկրորդ թիմը:
Դժվար կարծել, որ ամիսներ անց «Բրյուգեի» ղեկավարները մտափոխվել են ու նրանց շորտ-լիստում չկա Չավի Ալոնսոյի անունը: Միևնույն ժամանակ Բելգիայում շատ են խոսում մեկ այլ մասնագետի մասին, որը կարող է փոխարինել Շրյոդերին: Խոսքը վերջինիս օգնական Կարլ Հոֆկինսի մասին է:
Ասում են՝ 43-ամյա մասնագետը վաղուց արժանի է նման վստահության: Այնպես չէ, որ ակումբը արդեն կայացրել է վերջնական որոշում: Ամեն դեպքում շտապելու տեղ չունեն:
Հունվարին «Բրյուգեն» գլխավորելուց հետո Շրյոդերը թիմի հրավիրեց Սարգիս Ադամյանին: Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց Բելգիա: Ավելի վաղ բելգիական լրատվականները պնդում էին, որ հայ խաղացողի ապագան թիմում կախված է Շրյոդերի մնալ-չմնալու հետ: Նշվում էր, որ «Բրյուգեն» ցանկանում է թիմում պահել Ադամյանին ու պատրաստ է ձեռք բերել նրա տրանսֆերը 2 միլիոն եվրոյով: Ինքը՝ խաղացողը, ըստ տարբեր հրապարակումների, սպասում էր իրադարձությունների զարգացմանը կապված գլխավոր մարզչի հետ: Շրյոդերն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է իր խոսքն ասի Սարգիս Ադամյանը: Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Հոֆենհայմին»: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին: