Մոուրինյուն բացատրել է, թե ինչպես է բարելավել Մխիթարյանի և Սմոլինգի հետ հարաբերությունները

Չնայած մրցաշրջանի անհաջող մեկնարկին, Ժոզե Մոուրինյուին հաջողվեց «Ռոմային» դուրս բերել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ «Ֆեյենորդին» հաղթելու դեպքում նա կդառնա առաջին մարզիչը, որը նախ հաղթել է այս մրցաշարում, ապա  մինչ այդ կարողացել է նվաճել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկությունների տիտղոսները:

Եվրագավաթային խաղարկությունում «Ռոմայի» ընթացիկ հաջողություններում նշանակալի է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին Մխիթարյան-Սմոլինգ զույգի դերը: Վերջիններս դարձան Ժոզեի գլխավորած «Ռոմայի» առանցքային դերակատարներից, չնայած նրան, որ նրանցից ոչ մեկը պորտուգալացու օրոք «Մանչեսթեր Յունայթեդում» չի ունեցալ նման կարգավիճակ:

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայից» տեղփոխվելուց հետո փորձեց իրեն լավագույն կողմերով դրսևորել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն 18 ամիս անց տեղափոխվեց «Արսենալ»։ Սմոլինգը ավելի հաճախ էր խաղաժամանակ ստանում «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն անընդհատ վնասվածքներ էր ստանում և չէր կարողանում իրեն դրսևորել: Պատկերը փոխվեց «Ռոմա» տեղափոխվելուց հետո։ Նկատենք՝ այդ ընթացքում շատ էր խոսվում այն մասին, որ Հենոն ու Սմոլինգը վատ հարաբերությունների մեջ են Ժոզեի հետ:

Ժոզե Մոուրինյուն պատմել է վերջիններիս հետ հարաբերությունները բարելավելու մասին։

«Ինձ ուրախացնում է հատկապես այն հանգամանքը, որ չնայած մարդիկ սկզբից կարծում էին, որ իմ գլխավորությամբ Մխիթարյանը շանս չունի «Ռոմայում», այդուհանդերձ ապացուցվեց հակառակը։ Մենք շատ հասուն գտնվեցինք, մենք միմյանց նկատմամբ արդար գտնվեցինք։ Ես շատ երջանիկ եմ Մխիթարյանի հետ «Ռոմայում», և ես գոհ եմ նրանից, որ մարդիկ հասկանում են, որ ինձ հետ ամեն ինչը չէ, որ սև կամ սպիտակ է, և հնարավոր է, որ ֆուտբոլիստը  նախկինում իմ մասին ունեցածը կարծիքը կարող է փոխել։

Սմոլինգի հետ կապված իրավիճակն այն է, որ նա կարողանա կայունացնել խաղը, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա, քանի որ դրանից հետո նրա խաղի որակը բոլորովին այլ է, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա հիանալի խաղ է ցուցադրում» ,- Ժոզեի խոսքերն է մեջբերել  Sky Sports-ը։