Հայաստանի գավաթ. եզրափակիչ. «Ուրարտու»-«Նորավանք»

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում ուժերն են չափելու «Ուրարտուն» և «Նորավանքը»: Երկուսի ճամբարում էլ մեծ ոգևորություն է: «Ուրարտուն» բացել է արխիվն ու հիշեցնում է անցած տարիների հաղթանակները, մինչդեռ «Նորավանքը» իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող ու սահմանափակվում է տեսահոլովակներով: Սրան զուգահեռ մթնոլորտը փորձում է թեժացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքի էջը: Կարճ ասած՝ ժամեր անց հայտնի կդառնա Հայաստանի նորընծա գավաթակիրը:

  • Ճանապարհ դեպի եզրափակիչ. «Ուրարտու»

Շատ բան չկա ասելու: Բավարար էր անցնել երկու փուլ՝ հաղթելով երկու մրցակցի: Թիմը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից ու հաղթահարեց «Ալաշկերտի» արգելքը, իսկ հետո «Վանին» հաղթեց կիսաեզրափակչում: Ի դեպ, «Ալաշկերտը» միակ թիմն է առաջնության լավագույն հնգյակից, որին Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Ուրարտուն» հաղթել է ընթացիկ մրցաշրջանում ու դա արել է գավաթի խաղարկության վերոնշյալ փուլում: Մնացած հաղթանակները բոլոր մրցաշարերը հաշվի առած թիմը տարել է Պրեմիեր լիգայի վերջից երեք տեղերում գտնվող ԲԿՄԱ-ի, «Վանի» և «Նորավանքի» հետ մրցավեճերում: Վերջին երեքից մեկի հետ էլ վիճարկելու է երկրի գավաթը: Ահա այսպիսի յուրօրինակ ընթացք:

  • Ճանապարհ դեպի եզրափակիչ. «Նորավանք»

Ի տարբերություն առաջիկա մրցակցի՝ վայոցձորցիների ընթացքն ավելի «քարքարոտ էր» ու ինչ-որ տեղ կարելի է արժանին մատուցել Վահե Գևորգյանի գլխավորած թիմին: «Նորավանքը» նախ անցավ «Շիրակի» արգելքը, իսկ հետո թիկունքում թողեց Պրեմիեր լիգայի լավագույն երկու թիմերից մեկին՝ «Արարատ-Արմենիային»: Կիսաեզրափակչում նրանք հաղթեցին «Արարատին» ու դա հեշտ չտրվեց նրանց: Ճանապարհին թիմն անցավ Պրեմիեր լիգայի առաջին եռյակից երկուսի արգելքն ու հիմա երազում է նվաճել կարճատև պատմության առաջին տիտղոսը: Անկախ ամեն ինչից հնարավոր հաղթանակը «Նորավանքի» համար զուտ մարզական տեսանկյունից իրոք լուրջ ձեռքբերում կլինի: Այլ հարց է, թե դա ինչ է տալու ակումբին ոչ մարզական առումով: Ավելի շուտ պարզ է, թե ինչ է տալու, մնում է հասկանալ ինչպես դրա հետ կվարվեն ակումբում ու ինչ նշանակություն կունենա կամ ինչ ազդակ կլինի դա ղեկավարությանը ապագայի հետ կապված:

  • Խաղարկության ձևաչափը

Պատմությունը «եթեներ» չի սիրում, բայց դժվար է ասել՝ ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե նույն «Ալաշկերտը» ռևանշսի հասնելու հնարավորություն ունենար սեփական հարկի տակ քառորդ եզրափակչում: Նույնը վերաբերում է նաև «Արարատ-Արմենիային»: Ստացվեց այնպես, որ «Նորավանքը» անցած երեք փուլից երկուսն անցկացրեց մրցակիցների հարկի տակ, մինչդեռ «Ուրարտուն» իր ճանապարհը հարթեց՝ խաղալով բացառապես սեփական դաշտում: Տնային երկու հաղթանակ ու քեզ մի քայլ է պակասում եվրագավաթային մրցաշարից: Գրեթե համոզված ենք՝ հենց սա է շատ «ռոմանտիկների» ստիպում մտածել ֆուտբոլ մտնելու մասին:

  • Վերջում

Ընձեռվել էր հնարավորություն, օգտվեցին «Նորավանքն» ու «Ուրարտուն»: Թող հաղթի ուժեղը, հետո՝ կերևա: