Ոչ բացահայտ կերպով, բայց ակումբներից մի քանիսը «Նորավանքի» կողմից են

Հայաստանի Գավաթի խաղարկության այս տարվա եզրափակիչը առանձնակի հետաքրքրություն է առաջացրել և, բնականաբար, իր մեջ ինտրիգ է պարունակում։ Պատմության մեջ չորրորդ անգամ պատվավոր գավաթը նվաճելու փորձ կկատարի «Ուրարտուն»։ «Նորավանքը» ուժեղագույնների խմբում խաղալու առաջին փորձը մեղմ ասած ձախողեց, փոխարենը թիմը հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ։ Թվում է՝ եզրափակիչը մարզական առումով հետաքրքիր է միայն կողմերին, բայց դա այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ «Նորավանքը» առայժմ չի ստացել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունք, քանի որ ընդամենը երկու տարվա պատմություն ունի։ Ակումբը դիմել է ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական կառավարման մարմին և սպասում է պատասխանի։

Ստացվում է հետևյալը: Եթե այստեղից էլ մերժում ստանան, չի բացառվում, որ «Նորավանքը» կդիմի CAS վերջնական որոշման համար։ Եթե Վահե Գևորգյանի գլխավորած թիմը նվաճի գավաթը և ստանա մերժում արտոնագրի հարցում, ապա դրանից կարող է օգտվել առաջնության չորրորդ տեղում հայտնված թիմը։

«Նորավանքի» հնարավոր հաղթանակը ձեռնտու է Երևանի «Արարատին», «Ալաշկերտին» և մի գուցե նաև «Նոային»։ Եզրափակչում «Նորավանքը» աջակցության պակաս չի ունենա, բայց դա այնքալ էլ բացահայտ չի լինի:

Հիշեցնենք, որ «Նորավանք»-«Ուրարտու» եզրափակիչը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ին: