Սարգիս Ադամյանը սպասում է ու դեռ չի պատասխանել «Բրյուգեի» առաջարկին

«Բրյուգեի» ղեկավարությունը սկսել է մտածել հաջորդ մրցաշրջանի ու կազմը թարմացնելու մասին։ Հայտնի է, որ թիմում չեն մնա Տիբո Պերսինն ու Խոսե Իսկյերդոն: Անորոշ է դեռ Սարգիս Ադամյանի ապագան թիմում: Հայաստանի հավաքականի հարձակվողը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում ու դեռ սպասում է։ «Բրյուգեի» կազմում վարձավճարով հանդես եկող Ադամյանը Բելգիայում հանդես է գալիս հունվարից: Նրան անձամբ ցանկացել է իր թիմի շարքերում տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը, որը շամանակին մարզել էր հայ խաղացողին «Հոֆենհայմում»։

Խոսակցություններ կան, որ Շրյոդերը ամռանը հնարավոր է գլխավորի Ամստերդամի «Այաքսը» ու հիմա Ադամյանը սպասում է իրադարձությունների զարգացմանը: Բելգիական որոշ պարբերականներ հայտնում են, որ «Բրյուգեն» ցանկանում է պահել թիմում Ադամյանին ու նույնիսկ պատրաստ է 3 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերը, սակայն ինքը Ադամյանը դեռ չի արձագանքել առաջարկին:

Սարգիս Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում «Բրյուգեի» կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 11 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 մլն․ եվրո։