Հենրիխ Մխիթարյանը՝ «Լացիոյի» դիտակետում. Կլաուդիո Լոտիտոն պատրաստ է անձամբ բանակցել

Անցած տարի ամռանը Հռոմի «Լացիոն» ձեռք բերեց Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստ Պեդրոյին: Նման բան տեղի չէր ունեցել տասնյակ տարիներ: «Լացիոն» գնաց այդ քայլին ու հիմա մտադիր է շարունակել վերցրած կուրսը: Իտալական պարբերականները գրում են, որ «Արծիվները» նպատակադրվել են ձեռք բերել «Գայլերի» ևս մեկ խաղացողի՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ ավարտվում է գալիք ամռանը: Նշվում է, որ ակումբի գլխավոր մենեջեր Տիագու Պինտուն զբաղվում է Մխիթարյանի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ և շուտով սպասվում է, որ հանդիպելու է խաղացողի գործակալի հետ:

Ասվում է, որ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն պատրաստ է անձամբ բանակցել Մխիթարյանի ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում է, որ Հենրիխը չի պատրաստվում հեռանալ «Ռոմայից» և ցանկանում է շարունակել աշխատել Ժոզե Մոուրինյուի հետ:

Ավելի վաղ իտալական պարբերականները նշել էին, «Ռոման» մտադիր է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգել ևս երկու տարով: Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս անդրադարձել էր թիմում խաղացողի ապագային ու նշել, որ ցանկանում է, որպեսզի Մխիթարյանը մնա թիմում:

Վերջերս Հենրիխը հայտարարեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում ավարտելու մասին ու նշեց, որ ուզում է կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։