«Տպավորություն էր՝ կարծես մրցավարը ցանկանում էր հավասարցներ քանակը». Էդգար Թորոսյանը՝ «Արարատ-Արմենիային» պարտվելուց հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո (3:1) «Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը խոսել է խաղի մասին։

«Երկկողմանի լավ խաղ էր։ Մենք այս խաղին ևս կորուստներով էինք մոտեցել․ նախորդ խաղից կարմիր քարտ ունեինք, դեղին քարտերի պատճառով որակազրկում ունեինք, Խուան Բրավոն թեթև վնասվածք ուներ։ Տեսաք՝ պաշտպանության գծում ինչ ֆուտբոլիստներ էին։ Նույնիսկ Իվան Դիասին էինք ստիպված պաշտպանությունում դրել, չնայած որ նա պաշտպան չէ։ Այսօր վատ հանդես չեկավ Յուրի Մաղաքյանը։ Բայց, այդ ամենով հանդերձ, թիմը բավականին լավ դրսևորեց իրեն, լավ պաշտպանվում ու հակագրոհում էր առաջին խաղակեսում։

Դիրքային սխալի պատճառով գոլ բաց թողեցինք, հետո հավասարեցրինք հաշիվը։ Բաց թողած գոլն ուշադրության պակասից էր։ Թիմի մոտ հոգնածություն կա, կարող եմ կապել դրա հետ։ Մենք չենք կարողանում ռոտացիայի դիմել ֆուտբոլիստների քանակի պատճառով, և դա միանշանակ երևում է խաղադաշտում։ Բայց, այդուհանդերձ, ես գոհ եմ։ Տղաները մինչև վերջ պայքարեցին, խաղացին, գոլային պահեր ստեղծեցին», — ասաց Թորոսյանը։

  • Ձեր երկրորդ մարզիչն ինչո՞ւ հեռացվեց։
  • Ֆուտբոլ է, էմոցիաներ են․․․ Կարմիր քարտի դրվագում էր։ Իմ կարծիքով՝ մրցավարն այդ դրվագում կարող էր չտալ այդ երկրորդ դեղինը, կարմիրը։ Տպավորություն էր՝ կարծես ցանկանում էր հավասարցներ քանակը: Դե հիմա էմոցիա էր, տրվեց էմոցիաներին, ստացավ կարմիր քարտ։ Ֆուտբոլ է, պատահում է: