Չեմպիոնը «վերադառնալու» խնդիր ունի, իսկ «Նորավանքը» կփորձի զարգացնել հաջողությունը

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հաշվետու 25-րդ տուրի խաղային առաջին օրը կայանալու է երկու հանդիպում: Տուրը «Նաիրի» մարզադաշտում կբացեն «Ալաշկերտն» ու «Նորավանքը»:

  • «Ալաշկերտ»-«Նորավանք» (06.04.22, 15:00)

Միջազգային դադարից հետո «Ալաշկերտը» հասցրել է մեկ հանդիպում անցկացնել՝ հետաձգված խաղում մրցելով «Նոայի» հետ: Ոսկանյանի թիմը պարտվեց «Նոային» ու գրեթե ոչնչով աչքի չընկավ: Մինչև դադարը չեմպիոնը վատ հանդիպումների շարք չուներ և ինչ-որ տեղ գրանցված արդյունքն անսպասելի էր՝ հաշվի առնելով նաև մրցակցի ոչ լավ վիճակը: Ինչ վերաբերում է «Նորավանքին», ապա Վահե Գևորգյանի թիմը գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթեց «Արարատին» ու նվաճեց եզրափակչի ուղեգիր:

«Ալաշկերտը» խաղալու է տանը, բայց ամենևին հեշտ չի լինելու առաջիկա խաղում: Մրցակիցը ծանր հանդիպում է անցկացրել օրեր առաջ, սակայն տարած հաղթանակը պետք է որ դրական ազդեցություն թողած լինի խաղացողների վրա: Ի վերջո լարվածությունը, որն առկա էր նրանց մոտ մինչև կիսաեզրափակիչը, այժմ չկա: Ինչ-որ առումով հիմա կարելի է խաղալ ավելի անկաշկանդ ու հաճույք ստանալ ֆուտբոլից: Սա կարող է դառնալ Գևորգյանի թիմի հաղթաթուղթը «Նաիրիում»: Այս ֆոնին «վերադառնալու» խնդիր ունի չեմպիոնը: Գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Արարատն» ամեն ինչ անելու է երրորդ տեղը պահելու համար, հետևաբար «Ալաշկերտը» սայթաքելու տեղ, կարելի է ասել, չունի: