Չեմպիոնի ու փոխչեմպիոնի պարտությունը, Ցիգանն ու նորեկները. երկու հեթ-տրիկ, 25 գոլ մեկնարկում

Հինգ գոլ պակասեց, որպեսզի հայկական ակումբային ֆուտբոլի 30-րդ մրցաշրջանի մեկնարկային տուրում թիմերը միասին խփեն 30 գոլ: Գրանցվեց 25 գոլ, ոչ-ոքի չեղավ, կայացած հինգ խաղից յուրաքանչյուրում հաղթողներն առավելության հասան առնվազն երեք գոլի տարբերությամբ: Մեկնարկային երեք խաղում ընդհանրապես արձանագրվեցին չոր հաշիվներ, իսկ ահա խաղային վերջին օրը գավաթակիր «Արարատը» հասցրեց յոթ գոլ ուղարկել զարգացման նոր վեկտոր վերցրած փոխչեմպիոն «Նոայի» դարպասը: Երկու գոլ պակաս խփեց նորեկ «Սևանը» Չարենցավանի «Վանի» հետ մրցավեճում:

Տուր 1 Քաղաք Մարզադաշտ
02.08.21 Արարատ
7 — 1
Նոա Երևան   «Հանրապետական» 19:00
02.08.21 Սևան
5 — 2
Վան Երևան   «Նաիրի» 17:00
01.08.21 Ուրարտու
3 — 0
Նորավանք Երևան   ՈՒրարտու-1 20:00
01.08.21 Ալաշկերտ
0 — 3
Ար,-Արմենիա Երևան   «Նաիրի» 17:00
30.07.21 ԲԿՄԱ
0 — 4
Փյունիկ Երևան   Ավան 19:00

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը սկսեցին պարտությամբ

Հայաստանի առաջնության շրջանակներում Ալեքսանդր Գրիգորյանի հաղթարշավն ավարտվեց՝ կազմված երեք խաղից: Չեմպիոն «Ալաշկերտը» մեկնարկեց պարտությամբ՝ երեք անպատասխան գնդակ ընդունելով «Արարատ-Արմենիայից»: Ի դեպ, Գրիգորյանի առաջին մուտքն «Ալաշկերտ» նշանավորվել էր հենց «Արարատ-Արմենիայի» հետ հաղթանակով:

Վերջին երկու պաշտոնական խաղում միասին Երևանի «Նոան» բաց է թողել 12 գոլ: Եվրագավաթային խաղարկությունից դուրս մնալուց հետո փոխչեմպիոնն, ըստ ամենայնի, դեռ ուշքի չի եկել: Թիմն առաջնության մեկնարկային տուրում 7 գոլ ընդունեց գավաթակիր «Արարատից»:

Նորեկները

Առաջնությանը մասնակցող տասը թիմից երեքը նորեկ են՝ «Սևանը», «Նորավանքն» ու ԲԿՄԱ-ն: Ի դեպ, բանակայինները հաշվարկից դուրս են և մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որևէ խնդիր չունեն լուծելու: Օրինակ, եվրագավաթային խաղարկության ուղեգիր ձեռք բերել չեն կարող: Նազարյանի սաները կփորձեն պայքարել ու փորձ ձեռք բերել, բայց առաջին տուրի «Փյունիկի» հետ մրցավեճում մեկնարկային որոշակի ակտիվությունից հետո ոչնչով աչքի չընկան: Գրեթե ոչինչ մրցակցին չառաջադրեցին «Նորավանքի» խաղացողները և «Ուրարտուի» հետ խաղի պատկերն այդ առումով մեծ հույսեր չի ներշնչում:

Այս ֆոնին ավելի մրցունակ թիմի տպավորություն թողեց «Սևանը», որը նորամուտը նշանավորեց խփած հինգ գոլով ու հաղթանակով: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Շահգելդյանի թիմը պատրաստ է պահել ռիթմը, թե կարժանանա «Վանի» ճակատագրին, որն անցած առաջնությունը նույնպես սկսեց հաղթանակներով:

Երկու հեթ-տրիկ, մեկ դուբլ

Մեկնարկային տուրում գրանցվեց երկու հեթ-տրիկ և մեկ դուբլ: Երեքական գոլ իրենց ակտիվում ունեն Յակուբա Սիլուեն Երևանի «Արարատից» և Անդրե Լուիզ Լեաո Լիման «Սևանից», մեկ դուբլ ձևակերպել է Սերժ Դեբլեն կրկին Երևանի «Արարատից»: Այս պատկերն հույս է ներշնչում, որ հոբելյանական 30-րդ մրցաշրջանում խաղացողներն աչքի կընկնեն խփած շատ գոլերով, հատկապես անցած առաջնության տխուր ֆոնին: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Օտուբանջոն է «Արարատ-Արմենիայից», որը խփեց ընդամենը 10 գոլ: Ի դեպ, նիգերիացին արդեն բացել է գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

  • Ռմբարկուներ
Ֆուտբոլիստ
Գոլեր
1
Դոնիմանի Յակուբա Սիլուե (Արարատ) 3
2
Անդրե Լուիզ Լեաո Լիմա (Սևան) 3
3
Սերժ Դեբլե (Արարատ) 2
4
Պավել Կիրիենկո (Նոա) 1
5
Էդգար Մալաքյան (Արարատ) 1

Դարպասապահները

Մեկնարկային տուրում առաջնության մասնակից տասը թիմից երկուսի մեկնարկային կազմում էին դարպասապահներ հայկական անձնագրով: Բանակայինների Արմեն Ներսեսյանն ու Անատոլի Այվազովն «Ուրարտուից», մնացածը լեգեոներներ են: Թեման ամենացավոտներց մեկն է: Տպավորություն է կարծես խնդիրը ոչ մեկին չի հետաքրքրում: Նույն Այվազովը հայկական դպրոցի սան չէ, Բեգլարյանն ու Յուրչենկոն նույնպես: «Փյունիկը» մրցաշրջանից առաջ շարքերը համալրում է 34-ամյա Գրիգոր Մելիքսեթյանով, իսկ «Վանի» մեկնարկային կազմում Ցիգանն էր, որի քառասուն տարեկանը կլրանա մի քանի տարի անց:

Շաղոյանը, Ավանեսյանն ու հայ տղաները

Բազմիցս ենք խոսել այն մասին, որ այսօր գրեթե հնարավոր չէ տալ մի ֆուտբոլիստի անուն, որն անցել է հայկական ֆուտբոլի դպրոցը, խաղում է Պրեմիեր լիգայի թիմում ու այսօր իրենից տրանսֆերային արժեք է ներկայացնում: Շատերը մեծ հույսեր են կապում Ժիրայր Շաղոյանի հետ և նրան մեծ ապագա են խոստանում: Վերջինս նոր միայն նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում և դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար: Այս ընթացքում շատ էր խոսվում վերջինիս հնարավոր տրանսֆերի մասին ավելի բարձրակարգ առաջնություն, սակայն դա տեղի չունեցավ: Արտյոմ Ավանեսյանից նույնպես սպասելիքներ ունեն մասնագետները: Վերջիններս հույս ունեն, որ վերջապես քայլ առաջ կանի Էրիկ Վարդանյանը և այլն:

Մրցակցություն

Առաջնությունը նոր է մեկնարկել, թիմերը գուցե դեռ չեն ավարտել իրենց սելեկցիոն աշխատանքները և մարզավիճակի խնդիր կա, բայց պատկերը մեղմ ասած հուսադրող չէ: Լուրջ հարցեր կան շատ ֆուտբոլիստների հետ կապված, որոնց հայկական ակումբները հրավիրել են դրսից:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Ուրարտու 1 1 0 0 3 0 3
2.  Սևան 1 1 0 0 5 2 3
3.  Արարատ 1 1 0 0 7 1 3
4.  Արարատ-Արմենիա 1 1 0 0 3 0 3
5.  Փյունիկ 1 1 0 0 4 0 3
6.  Նորավանք 1 0 0 1 0 3 0
7.  ԲԿՄԱ 1 0 0 1 0 4 0
8.  Վան 1 0 0 1 2 5 0
9.  Ալաշկերտ 1 0 0 1 0 3 0
10.  Նոա 1 0 0 1 1 7 0