Ալեքսի անվճար տրանսֆերն ու ղազախական մամուլը

Ղազախական լրատվականներն երեկ, հղում անելով տեղի «Ақ Жайық» պարբերականին, գրեցին, որ Ալեքս Կրիստիան Ջունիորի տրանսֆերն «Ատիրաուի» վրա արժեցել է 200 հազար եվրո: Հատկանշական է, որ նույն «Ақ Жайық»-ն իր հրապարակման մեջ նշում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 200 հազար եվրո՝ համաձայն «Transfermarkt» հարթակի:

Իրականում նման բան չկա և պաշտպանը Ղազախստան է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Դեռ անցած դեկտեմբերին «Արարատ-Արմենիան» հայտարարեց, որ ակումբի և խաղացող Ալեքս Ջունիորի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է և որոշում է կայացվել այն չերկարաձգել:

Չնայած դրան՝ վերոհիշյալ տեղեկությունն այնպիսի արձագանք ստացավ ղազախական մամուլում, որ «Ատիրաուի» մամուլի ծառայությունը ստիպված եղավ պաշտոնական հայտարարություն տարածել՝ նշելով, որ Ақ Жайық հարթակի տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Ատիրաու» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել Հաիթիի հավաքականի խաղացողին, սակայն Կրիստիան Ալեքս Ջունիորը միացել է թիմին ազատ գործակալի կարգավիճակով (անվճար): Ակումբը չի վճարել ֆուտբոլիստի տեղափոխության համար»,- ասված է «Ատիրաուի» պաշտոնական հաղորդագրությունում:  

Դրանից հետո Ақ Жайық հարթակն ևս մեկ հրապարակում արեց՝ նշելով, որ իրենց նախորդ հրապարակումից հետո «Ատիրաու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը կարևոր ճշգրտումներ է արել կապված Ալեքսի պայմանագրի հետ՝ հայտնելով, որ Transfermarkt հարթակում նշված թիվն արտացոլում է միայն խաղացողի տրանսֆերային մոտավոր արժեքը շուկայում:

«Կրիստիան Ջունիրոն «Ատիրաու» է տեղափոխվել անվճար, աշխատավարձով»,- նշել է ակումբի տնօրեն Կոնիսբայ Շպանովը: Նրանից փորձել են ճշտել խաղացողի աշխատավարձի չափը, սակայն Շպանովը ընդգծել, որ դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է:

Պաշտոնապես Ալեքսը դարձել է «Ատիրաուի» ֆուտբոլիստ փետրվարի 2-ին՝ կնքելով պայմանագիր մինչև 2021 թվականի ավարտը: Ղազախստան տեղափոխվելուց առաջ եզրային պաշտպանը հասցրել է հանդես գալ «Գանձասար-Կապանում» և «Արարատ-Արմենիայում»: Երևանյան թիմի կազմում նա երկու տարի անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ կապանյան թիմի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր: Մինչև Հայաստան ժամանելը 27-ամյա խաղացողը պաշտպանել է Հաիթին, Միացյալ Նահանգներն ու Պորտուգալիան ներկայացնող թիմերի գույները: Պորտուգալական թիմերից կարելի է առանձնացնել «Բոավիշտան»:

Հիշեցնենք, որ Ալեքսը Հաիթիի ազգային ընտրանու առանցքային խաղացողներից է, որի կազմում նորամուտը նշել է 2015 թվականին և այս ընթացքում հասցրել է անցկացնել մոտ երեք տասնյակ հանդիպում (28): 2019 թվականին Ալեքսն ազգային ընտրանու կազմում դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: Հաիթիի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում է միայն պարտվել Մեքսիկային, որն էլ հետագայում դարձել է մրցաշարի հաղթող:

Ներկա պահին «Ատիրաուն», որը գլխավորում է հայ մասնագետ Արամ Ոսկանյանը, գտնվում է Անթալիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին: Հիշեցնենք, որ մեկամյա դադարից հետո «Ատիրաուն» վերադարձել է Ղազախստանի Պրեմիեր լիգա:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos