Իտալիան չեմպիոն 53 տարի անց. Դոնարուման, Շոուն, Բոնուչին

Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակվեց Իտալիայի հավաքականը՝ հաղթելով Անգլիային «Ուեմբլիում»: Իտալացիները դա արեցին երկրորդ անգամ պատմության մեջ՝ հաղթելով նման խոշոր մրցաշարում (Եվրո՝ 2 / Մունդիալ՝ 4) վեցերորդ անգամ: Եվրոպական հավաքականների շրջանում սա երկրորդ արդյունքն է Գերմանիայից հետ՝ 7 անգամ:

Իտալիայի ընտրանին պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց Եվրոյում 53 տարի անց: Առաջին անգամ իտալացիները դա արել էին 1968 թվականին: Մրցաշարի պատմության մեջ սա ամենատևական դադարն էր մեկ ընտրանու համար առաջին և երկրորդ տիտղոսի միջև:

Իտալիան հաղթեց առաջնությունում հետխաղային 11 մետրանոցներով: Պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնը որոշվեց 11 մետրանոցներով 1976 թվականի Եվրոյից հետո:

Խաղի հաշիվն արդեն երկրորդ րոպեին (1:57՛) բացեց Անգլիայի հավաքականի եզրային պաշտպան Լյուկ Շոուն: Վերջինս խփեց Եվրոների եզրափակիչների ամենարագ գոլը: Ի դեպ, սա Շոուի առաջին գոլն էր Անգլիայի ընտրանու կազմում:

Իտալացիներից պատախասն գոլը խփեց կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Նա դա արեց 34 տարեկան 71 օրական հասակում՝ դառնալով ամենատարեց խաղացողը, որը գոլ է խփում Եվրոյի եզրափակչում: Բոնուչին գերազանցեց Բերնդ Խյլոցենբեյնի ռեկորդը, որը սահմանել էր 1976 թվականին 30 տարեկան 103 օրական հասակում:

Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Վերջինս փայլեց հետխաղային 11 մետրանոցների հարվածաշարում: Ի դեպ, Դոնարումայի թիմերն հինգ անգամ են ստիպված եղել 11 մետրանոցների հարվածաշարում փորձել իրենց ուժերը և հինգ դեպքում էլ հաղթող են դուրս եկել: Դոնարուման երեք անգամ օգնել է իր թիմին, երկու անգամ՝ ազգային ընտրանուն: