Զիդանը լքեց Մադրիդը, Կոնտեն՝ Միլանը

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը: Ֆրանսիացի մասնագետն առաջին անգամ գլխավորել է «Մադրիդը» 2015/16 թթ մրցաշրջանի ընթացքում: Նրա գլխավորությամբ մադրիդցիներն երեք անգամ անընդմեջ հաղթեցին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչպես նաև նվաճեցին Իսպանիայի չեմպիոնի կոչումը, երկրի Սուպերգավաթը: Այդ ընթացքում թիմը հասցրեց երկու անգամ հաղթել Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել Աշխարհի ակումբային առաջնության հաղթող: 2018 թվականին Զիդանը հեռացավ թիմից, բայց վերադարձավ հաջորդ տարվա սկզբին և ունեցած ավարներին ավելացրեց ևս երկու տիտղոս. «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն ու նվաճեց երկրի Սուպերգավաթը: Նոր ավարտված մրցաշրջանում «Մադրիդը» զբաղեցրեց երկրորդ տեղն առաջնությունում՝ չեմպիոնական մրցավազքում զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնաց՝ պարտվելով Լոնդոնի «Չելսիին» կիսաեզրափակչում:

Զբաղեցրած պաշտոնից հեռացել է նաև Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Այս մասին հայտնում են միլանյան ակումբի մամուլի ծառայությունից: Խզել են գործող պայմանագիրն երկկողմ համաձայնությամբ: Իտալացի մասնագետն «Ինտերը» գլխավորել է 2019 թվականին, մինչ այդ հասցրել էր աշխատել «Չելիսում», «Յուվենտուսում», «Սիենայում», «Ատալանտայում», «Բարիում», «Արեցոյում» և Իտալիայի ազգային հավաքականում: Կոնտեի գլխավորությամբ «Ինտերն» առաջին մրցաշրջանում հասավ մինչև Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ, իսկ նոր ավարտված մրցաշրջանում տևական դադարից հետո հաղթեց Իտալիայի առաջնությունում: