«Ժամանակն է». Երևանի «Արարատը» ներկայացրել է նոր մարզաշապիկը

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսահոլովակ «Ժամանակն է» խորագրով: Նշվում է, որ «Արարատ Հուպ Տուրի» անդամներն իրենց առանցքային դերն են ունեցել 2020/21 մրցաշրջանի մեկնարկին նվիրված ակումբի պատրաստած տեսահոլովակում, որտեղ ներկայացվումէ նաև նոր մարզահագուստը, որով «Արարատը» հանդես կգա ընթացիկ մրցաշրջանում:

Բացի այդ, մրցաշրջանի վերսկսվելուն ընդառաջ Ձորաղբյուրի մարզաբազայում  ակումբի երկրպագուների «Արարատ Հուպ Տուր» կազմակերպության անդամները հանդիպել են «Արարատի» մարզչական շտաբի և ղեկավարության ներկայացուցիչների հետ:

«Նրանք կիսվեցին ակումբի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգություններով և ակնկալիքներով, ինչպես նաև հույս հայտնեցին, որ Վարդան Բիչախչյանի նման մասնագետի կողմից ակումբը գլխավորելու փաստը կնպաստի նրան, որ կլուծվեն ակումբի առջև դրված խնդիրները:

Վարդան Բիչախչյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց երկրպագուներին աջակցության և վստահության համար: Նա զերծ մնաց խոստումներ տալուց՝ նշելով, որ միայն աշխատանքն ու արդյունքներն են կարևոր և հավաստիացրեց, որ ամեն բան ներդնելու են «Արարատի» հաջողությունների համար:

Ակումբի կոմերցիոն տնօրեն Ղազար Հակոբջանյանը երկրպագուներին ներկայացրեց նաև այն ծրագրերը, որոնք ակումբը ցանկանում է իրագործել սպորտային հատվածի զարգացմանը զուգահեռ:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին երկրպագուներն ու ակումբի ներկայացուցիչները միմյանց հաղթանակներ և հաջող մրցաշրջան մաղթեցին»,- նշված է «Արարատի» ֆեյսբուքի էջում:

Hot Videos