Զախարյանը բաց կթողնի Եվրոն. Ուտկինը կարծում է՝ սա հնարավորություն է Հայաստանի համար

Վասիլի Ուտկինը յութուբյան իր էջում անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանին: Պատանի ֆուտբոլիստը հրավեր էր ստացել Ռուսաստանի ազգային հավաքականից և պետք է մասնակցեր Ավստրիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Այս օրերին Չերչեսովի գլխավորած ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Ուտկինը նշում է, որ առողջական խնդիրների պատճառով հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը բաց կթողնի հավաքի զգալի մասը: Գուցե կհասցնի ապաքինվել մինչև Եվրոն, բայց այս պահին նրան պահել հավաքականում, ըստ Ուտկինի, անիմաստ էր: Զախարյանն երեկ դարձավ 18 տարեկան և գլխավոր հարցն այս պահին այն է, որ չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը Ռուսաստանի հավաքականի կազմում: Սա հնարավորություն էր նրա համար ոչ միայն նորամուտը Չերչեսովի թիմում նշելու տեսանկյունից, այլ նաև կօգներ նրան չմտածել այլ ուղղությամբ:

Հիմա պատկերը փոխվել է: Ուտկինն ասում է, որ Եվրոյից հետո մինչև հաջորդ պաշտոնական խաղն ամիսներ կանցնեն և կարծում է, որ մինչև աշուն ոչ մեկ անգամ դեպի Զախարյանը կձգվեն Հայաստանի ազգային հավաքականի ազարտային ձեռքերն ու դիտարկումներն այն մասին, թե որքան հիանալի է խաղալ իր նախնիների երկրի համար: Ուտկինը հավելում է, որ ամեն դեպքում Զախարյանինն է ընտրության իրավունքը:

Հիշեցնենք, որ վերջերս Արսեն Զախարյանն ասաց, թե ինչու որոշեց խաղալ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականում: Սկզբում որոշել է Ռուաստանի երիտասարդականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, հետո միանգամից ստացել է հրավեր ազգային թիմից: Խաղացողն ասել է, որ ամեն ինչ այնքան արագ է եղել, որ ընտրության առաջ էլ չի կանգնել:

Հավելենք, որ Զախարյանը հիվանդացել է անգինայով: Ֆուտբոլիստի հայրը Նորայր Զախարյանը «Чемпионат» պարբերականի հետ զրույցում ասել է, որ որդին իրեն լավ է զգում, ապաքինվում է: Հայրն իր հերթին հաստատել է տեղեկությունը, որ որդին չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր ավարտված առաջնությունում Զախարյանն անցկացրեց 13 հանդիպում, խփեց 3 գոլ ու կատարեց գոլային 5 փոխանցում: Նշենք, Արսեն Զախարյանը ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: 18-ամյա խաղացողը ստացել է երկրպագուների ձայների 26,94%-ը: Նա անցել է Սեբաստիան Շիմանսկիից, Կոնստանտին Տյուկավինից, Անտոն Շունինից ու Դանիիլ Ֆոմինից: Հիշեցնենք, որ Զախարյանն իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նշել է անցած տարվա նոյմեբերին: