Զախարյանը՝ Հայաստանի ու Հայաստանի հավաքականի մասին. Արսենը զրուցել է Մխիթարյանի հետ

Նոբել Առուստամյանի հետ զրույցում Մոսկվայի «Դինամոյի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն անդրադարձել է ընտրությանը, որի առջև կանգնեց ոչ վաղ անցյալում: Նա Հայաստանի ազգային հավաքականի փոխարեն ընտրեց Ռուսաստանի հավաքականը: Վերջերս հրավեր ստացավ Չերչեսովից, սակայն հիվանդության պատճառով չկարողացավ լիարժեք մասնակցել ուսումնամարզական հավաքին և բաց կթողնի գալիք Եվրոն:

Նոբել Առուստամյանը զրուցել է նաև Արսենի ծնողների հետ: Հայրը՝ Նորայր Զախարյանն ասում է, որ առաջիկա արձակուրդը մտադիր են անցկացնել Հայաստանում: Նա երեք որդի ունի: Մեծը՝ Դավիթը, հասցրել է լինել պատմական հայրենիքում ու նույնիսկ հասցրել է խաղալ «Արարատում», մյուսներց մասով բացը կլրացնեն մոտ ապագայում: Նորայր Զախարյանը հավելել է, որ պատրաստվում է որդիներին առաջին հերթին տանել Արցախ՝ չնայած տարածաշրջանում առկա իրավիճակին: Նշենք, որ Նորայրը ծնունդով Մարտակերտի շրջանից է:

Արսեն Զախարյանի հայրը նկատել է, որ Արցախում գտնվող իրենց հարազատներն ուրախանում են Արսենի հաջողություններով ու բաց չեն թողնում նրա մասնակցությամբ ոչ մի հանդիպում: Դիտարկմանը, թե Զախարյանը հիմա ներկայացնում է արցախահայերին, Նորայր Զախարյանն ընդգծել է, որ որդին ներկայացնում է ողջ հայությանը, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանը:

Նորայր Զախարյանը խոստովանել է, որ մեծ ճնշում կա նրա վրա այս պահին: Բանն այն է, որ շատերն են փորձում համոզել Զախարյաններին, որ Արսենն հանդես գա Հայաստանի ազգային ընտրանու կազմում: Այս ընթացքում նրանց հետ կապվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Արսենի հայրն ասում է, որ ամեն դեպքում որոշումը պետք է կայացնի Արսենը: Նրանք և Հայաստանն են համարում իրենց հայրենիքը, և Ռուսաստանը: Ոչ մի դեպքում չի խառնվելու ու կընդունի այն որոշումը, որը կկայացնի որդին:

Արսեն Զախարյանն երբեք Հայաստանում չի եղել ու մտադիր է արձակուրդն անցկացնել պատմական հայրենիքում: Ասում է՝ հայերեն հասկանում է, բայց քիչ է շփվում հայերենով, հիմնականում տանը: Նշել է, որ Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը ստացել է անցած կես տարվա ընթացքում: Հրավերը խաղալու Հայաստանի գույների ներքո շոկային է եղել Արսենի համար, սակայն այդ ժամանակ նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում պատրաստվելիս է եղել Եվրոպայի առաջնությանը: Նա դա համարում էր լավ հնարավորություն աչքի ընկնելու համար և այդ պատճառով չի ընդունել Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը: Անմիջապես Եվրոյից հետո Արսեն Զախարյանը հրավեր է ստացել Ռուաստանի ազգային ընտրանուց: Ֆուտբոլիստը խոստովանում է, որ ամեն ինչ շատ արագ է ստացվել և կարելի է ասել նույնիսկ ընտրության հարց չի եղել: Մյուս կողմից դինամոյականը նկատում է, որ սիրում է Հայաստանը, նա հայ է և այդ մասին երբեք չի մոռանա: Հուսով է՝ մի օր կլինի Հայաստանում:

Արսեն Զախարյանը հույս ունի, որ բոլոր հայերը, որոնք հետևում են ու դիտում իր հանդիպումները, կհպարտանան իրենով: Ինքը կփորձի իր խաղով ուրախացնել բոլոր հայերին: Ի դեպ, Զախարյանը հետևում է Հայաստանի հավաքականի մրցելույթներին: Հպարտ է, որ հայ է:

Հարցազրույցի ընթացքում Նոբել Առուստամյանը զանգել է նաև Հենրիխ Մխիթարյանին ու խնդրել վերջինիս զրուցել Արսեն Զախարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: