Կանանց թիմ պահելն ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի պահանջ չէ, ՀՖՖ-ն է պահանջում. Ինչու և արդյոք դա լրացուցիչ բեռ չէ ակումբների վրա

Օրեր առաջ Երևանի «Ալաշկերտի» սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը Football365.am-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե թիմերը չունենան աղջիկների թիմեր, ապա չեն ստանա համապատասխան հավատարմագիր և չեն կարողանա մասնակցել եվրագավաթներին:
  • Ստացվում է, որ ակումբները ստիպված են աղջիկների թիմ պահել: Մեր այն հարցին, թե արդյոք սա լրացուցիչ բեռ չէ ակումբների ուսերին՝ հաշվի առնելով այն, որ չկան հովանավորներ, եկամտի այլ աղբյուրներ, Բագրատ Նավոյանը ասաց. «Դա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ուղեցույցն է, ֆեդերացիան ինքնուրույն չի որոշում, որ բոլոր թիմերը պետք է ունենան աղջիկների թիմեր, ֆուտզալի և մանկապատանեկան: Դա նշված է նրանց ուղեցույցում, որ բոլորը պետք է ունենան»:
  • Մեր դիտարկմանը, որ թիմերը ցանկության դեպքում կարող են աշխատել աղջիկների ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ: ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն, այո, խրախուսում են աղջիկների ֆուտբոլի զարգացումը, բայց այստեղ խոսքը վերաբերում է ակումբներին պարտադրելուն: Միթե՞ ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից են պարտադրում հայկական ակումբներին աղջիկների թիմեր պահել, Նավոյանն արձագանքեց. «Եթե ուզում ես, որ թիմը մասնակցի եվրագավաթներին և ունենա հավատարմագիր, ապա պետք է ունենա աղջիկների և մանկապատանեկան թիմեր: Դա կարգն է, պարտադիր պետք է ունենալ»:
Հարցում ուղարկեցինք ՀՖՖ պարզելու համար արդյոք՝

ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն կամ երկուսը միասին ունե՞ն նման պարտադիր պահանջ: Արդյոք նշված կառույցներն իրավունք ունե՞ն պարտադրել ակումբներին, մասնավորապես հայկական ակումբներին աղջիկների/կանանց թիմ կամ թիմեր պահել:

  1. ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն աղջիկների/կանանց ֆուտբոլի հետ կապված ունի՞ որևէ պարտադիր պայման, որը հայկական ակումբները պարտավոր են կատարել:

  2. Այն, որ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն խրախուսում են աղջիկների/կանանց ֆուտբոլի զարգացումը հասկանալի է ու որևէ մեկի համար գաղտնիք չէ: Արդյոք ՖԻՖԱ-ից, ՈւԵՖԱ-ից ՀՖՖ-ն աջակցություն ստանո՞ւմ է աղջիկների/կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացնելու համար: Եթե այո, արդյոք դա ֆինանսական տեսքո՞վ է անում և տարեկան որքա՞ն է կազմում աջակցության գումարի չափը:

  3. Եթե վերոհիշյալ կառույցներից ՀՖՖ-ն ֆինանսական տեսքով աջակցություն է ստանում աղջիկների/կանանց ֆուտբոլը զարգացնելու համար, արդյոք պարտադրո՞ւմ է կոնկրետ քայլեր, թե անելիքները որոշում է ՀՖՖ-ն (ինչպես ծախսել, ինչ ուղղությամբ ծախսել և այլն):

  4. Այն, որ հայկական ակումբները պարտադիր պետք է ունենան աղջիկների/կանանց թիմ, դա միայն ՀՖՖ-ի պահա՞նջն է:

Ի պատասխան մեր հարցման ՀՖՖ Հասարակայնության հետ կապեր և լրատվության բաժնից հայտնեցին՝

ՖԻՖԱ-ն չունի որևէ պահանջ կամ պայման, որով կարող է պարտադրել  ակումբներին (այդ թվում հայկական) պահել կանանց ֆուտբոլի թիմ:

ՈւԵՖԱ-ն ևս չունի նմանատիպ պահանջ: Կանանց ֆուտբոլի թիմ ունենալը ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջներից է, որը չկատարելու դեպքում ակումբները չեն կարող ստանալ ՀՖՖ և, որպես հետևանք, ՈւԵՖԱ-ի արտոնագիր:

ՀՖՖ-ն ընդգրկել է այս դրույթն ակումբների արտոնագրման պահանջներում՝ ՀՖՖ ռազմավարական առաջնահերթություններից մեկի՝ կանանց ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ևս խրախուսում են կանանց ֆուտբոլի զարգացումը և տրամադրում են տարատեսակ աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական՝ կանանց ֆուտբոլի հետ կապված տարբեր ծրագրերի իրականացման համար:

Արձանագրենք, որ ո՛չ ՖԻՖԱ-ն, ո՛չ ՈւԵՖԱ-ն չունեն նման պահանջ և կանանց ֆուտբոլի թիմ ունենալը ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջներից մեկն է:

Աջակցության մասին

Ինչ վերաբերում է վերոհիշյալ կառույցների կողմից տրամադրված տարատեսակ աջակցությանն, այդ թվում՝ ֆինանսական, ապա ՀՖՖ-ից փակագծեր չեն բացել՝ տալով ընդհանրական պատասխան, սակայն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից կարելի է որոշակի տեղեկատվություն ստանալ:

Օրինակ սկսած 2012 թվականից կառույցի հովանու ներքո գործում է կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրը (WFDP), որի շրջանակներում եվրոպական բոլոր ասոցիացիաները տարեկան ստանում են 100 000-ական եվրո  կանանց ֆուտբոլի պրոյեկտները կյանքի կոչելու համար: Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ այս տարվանից այդ թիվը կավելանա 50 տոկսով և յուրաքանչյուր ասոցիացիա կստանա արդեն 150 000-ական եվրո:

Հատկանշական է, որ Եվրոպայի առաջնությունից ստացված եկամտի մի մասը գնում է HatTrick ծրագրին: 2004 թվականից Եվրոպայի առաջնությունից մինչև 2020 թվականը կատարվել է 1.8 միլիոն եվրոյից ավելի գումար: Ըստ ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության՝ համակարգն օգնում է եվրոպական ասոցիացիներին ենթակառուցվածնքերի վերականգման կամ կառուցման, ինչպես նաև բոլոր մակարդակներում մասսայական ֆուտբոլի հետ կապված ծրագրերը կյանքի կոչելու հարցերում: .

Դեռ 2019 թվականին ՈւԵՖԱ-ն հայտնել էր, որ HatTrick-ի ընթացիկ ցիկլը նախատեսված է մինչև 2020 թվականը: Դրա շրջանակներում եվրոպական 55 ասոցիացիները վերջին չորս տարում ստանալու են ընդհանուր հաշվով 610.5 միլիոն եվրո: Նշված գումարի 70 տոկոսը, որոնք հատկացվում են յուրաքանչյուր ցիկլում, օգտագործվում է ֆուտբոլային ենթակառուցվածքների մոդերնիզացիայի համար և գնում է խաղադաշտերի, մազադաշտերի և ազգային մարզումային կենտրոնների կառուցման վրա, ինչը ֆուտբոլը դարձնում է հասանելի:

2019 թվականի հուլիսի դրությամբ WFDP-ն ապահովել է 459 պրոյկետի ֆինանսավորում բոլոր 55 ասոցիացիաներում: Գումարը կազմել է 82.2 միլիոն եվրո:  Ավելի մանրամասներ՝ այստեղ:

Ի՞նչ է արվել ու արվում Հայաստանում

Հարցին դժվար է պատասխանել: Ավելի լավ կլինի, որ ՀՖՖ-ն հանդես գա մանրամասն հաշվետվությունով՝ ներկայացնելով արվածն ու չարվածը, դրանց նպատակահարմարությունը և այլն: Թերևս կարող ենք ֆիքսել մեկ բան. մինչև հայկական ակումբներին կանաց թիմ պահել պարտադրելը, գործող կանանց թիմերին աջակցում էր ՀՖՖ-ն (Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած տարիներին). վճարում էին մարզիչների աշխատավարձը, ապահովում էին գույքով ու հանդերձանքով, հոգում ճանապարհածախսն ու ընթացիկ ծախսերը: Փոփոխություններից հետո իրավիճակը փոխվեց, այսօր փաստորեն այդ ամենը հայկական ակումբների ուսերին է:  Որպեսզի չսխալվենք մեր եզրահանգումներում, կսպասենք ՀՖՖ մանրամասն հաշվետվությանը կապված կատարված փոփոխության ազդեցության, ինչպես նաև այս ընթացքում արվածի հետ: Նկատենք նաև, որ այս ընթացքում ստեղծվել է կանանց հավաքականներ, ինչն ենթադրում է հավաքներ և այլ ծախսեր:

Կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն

Հավելենք, որ սեպտեմբերի 12-ին կմեկնարկի կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն «Ալաշկերտ-աղջիկներ», «Հայասա», «Փյունիկ-աղջիկներ», «Գանձասար-Կապան աղջիկներ», «Նորավանք-աղջիկներ», «Գյումրի-աղջիկներ» և «Ուրարտու-աղջիկներ» թիմերը։ Մրցաշարը կանցկացվի 3 շրջանով: Առաջին խումբը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Մասնակիցներն են «Արարատ-Արմենիա աղջիկներ», «Վան-Չարենցավան», «Գանձակ 2», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Նոա-աղջիկներ» և «Լոռի» թիմերը։ Առաջնությունը կանցկացվի 4 շրջանով և կավարտվի մայիսի 15-ին։ Կանանց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին: Մրցաշարին կարող են մասնակցել Բարձրագույն խմբի բոլոր ակումբները, ինչպես նաև Առաջին խմբի այն ակումբները, որոնք ցանկություն կհայտնեն։ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին։

Կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորություն

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորության մասին: Ծրագրի նպատակներն են տարբեր տարիքային խմբերում մարզային և հանրապետական մրցաշարերին մասնակցող թիմերի քանակի ավելացումը, ՀՀ տարածքում կանանց ֆուտբոլի հետագա զարգացման և մասսայականացման խթանումը, կանանց ֆուտբոլի նկատմամբ ընկալումների փոփոխությունը հասարակության մեջ։ Դրամաշնորհին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն զբաղվելու կանանց ֆուտբոլի զարգացմամբ Հայաստանի ողջ տարածքում։  Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Hot Videos