ՈւԵՖԱ-ն անցել է գործի. Ինչ փոփոխություններ կլինեն Չեմպիոնների լիգայում

Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում տեղի կունենան փոփոխություններ: Ամիսներ առաջ այս հարցով կտրուկ դիրքորոշում հայտնեցին եվրոպական ակումբներից տասներկուսը, սակայն կարճ ժամանակ անց Սուպերլիգա ստեղծելու նրանց ծրագիրը ձախողվեց: Տարիներ շարունակ վերոնշյալ փոփոխությունների շուրջ բանակցելիս եվրոպական ֆուտբոլի խոշոր խաղացողները փորձել են թելադրողի դերում լինել՝ սպառնալով առանձնանալ: Հիմա, երբ նոր Սուպերլիգայի վտանգ կարծես չկա, ՈւԵՖԱ-ն աշխատում է իր կողմից վաղուց մշակված օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ:

Բրիտանական inews պարբերականն անդրադարձել է թեմային ու նշել, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության անցկացման ձևաչափում հնարավոր փոփոխություններն անխուսափելի են:  Դեռ անցած ապրիլին ՈւԵՖԱ-ից հայտնել էին, որ պատրաստվում են որակավորման փուլերում ևս երկու տեղ ավելացնել այն ակումբների համար, որոնք լուրջ հաջողությունների են հասել եվրոպական մրցաասպարեզում, բայց նախորդ մրցաշրջանի արդյունքներով ազգային առաջնություններում տեղ չեն զբաղեցրել եվրագավաթային գոտում (Չեմպիոնների լիգա): Չի բացառվում, որ կավելացնեն մասնակից թիմերի քանակը՝ թիվը հասցնելով 36-ի:

Օրինակ «Տոտենհեմն» անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում գրավել է յոթերորդ տեղը: Եթե այդ փոփոխությունները հիմա գործեին, ապա լոնդոնյան թիմը հնարավորություն կստանար մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլին, իսկ հիմա լոնդոնցիները ստիպված են իրենց եվրագավաթային կամպանիան սկսել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ խաղով:

Կարելի է ասել՝ բոլոր հնարավոր տարբերակներն ու փոփոխությունների փաթեթը համաձայնեցված էր, սակայն իրադարձությունը ստվերեց 12 ակումբի կողմից արված հայտարարությունը, որ իրենք ստեղծում են Սուպերլիգա:

Ըստ ամենայնի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հնարավոր փոփոխությունների մասով վերջնական որոշում կկայացնի գալիք ամիս: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի 2024 թվականից և դրանք կգործեն առնվազն 9 մրցաշրջան:

Հավելենք, որ Սուպերլիգայի տապալումից հետո փոխվեց նաև Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարը: Կառույցը ղեկավարում էր «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին: Վերջինիս փոխարինել է «Պարի Սեն ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: Ի դեպ, այն քիչ ակումբներից մեկի ղեկավարը, որը մերժել էր Սուպերլիգային միանալու առաջարկը Մյունխենի «Բավարիայի» հետ միասին: Նշված ակումբներից 9-ը, այդ թվում նաև բոլոր անգլիականները, շաբաթվա ընթացքում ամբողջությամբ հրաժարվեցին ծրագրին միանալու գաղափարից: «Յուվենտուսը», «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» շարունակում են երազել Սուպերլիգայի մասին: Նույնիսկ դատական գործերի մեջ են ՈւԵՖԱ-ի հետ:

Ի դեպ, Պրեմիեր լիգայի ակումբները, որոնք սկզբում միացել էին Սուպերլիգային, տուգանվել են 22 միլիոն ֆունտով՝ համաձայնելով նոր կանոններին: Ապագայում նման ցանկացած փորձի դեպքում ակումբներից կհանեն 30-ական միավոր: Բացի դրանից, ակումբները ստիպված կլինեն վճարել 25 միլիոն ֆունտ տուգանք: