«Լոռի» է վերադարձել Դեու Դոսան. թիմն այլ նորեկներ ևս ունի

Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ 22-ամյա ֆուտբոլիստ Դեու Դոսան, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վանի» կազմում՝ դառնալով Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, վերադարձել է թիմ: Դեու Դոսան 2019/20 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել «Լոռիի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցելով 30 հանդիպման։

 Ավելի վաղ, «Լոռի» էր տեղափոխվել հայ եզրային պաշտպան Արման Ասիլյանը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Նախորդ մրցաշրջանն Ասիլյանն անցկացրել է «Վեսթ Արմենիայի» կազմում։ Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։ Արմանի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։

«Լոռին» համալրել է նաև Եվգենի Սկոբլիկովը։ 30-ամյա ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բելշինան»։ Սկոբլիկովը Կոնոպլյովի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել ռուսական «Տոլիատի», «Լուչ», «Վոլգա» ակումբներում։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը նույնպես համալրել է «Լոռին»։ 20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։ Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։

«Լոռի» է տեղափոխվել նաև բելառուս դարպասապահ Արտյոմ Գոմելկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Ժոդինոյի «Տորպեդոյի» սան է, հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», բելառուսական «Նաֆտան», «Գրանիտ», «Սլոնիմ», «Գորոդեյա» ակումբներում։ Արտյոմի վերջին թիմը եղել է «Սմոլևիչին»։ Բելառուսի Պրեմիեր լիգայում անցկացրել է 48 հանդիպում։ Գոմելկոյի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Hot Videos