Առանց Մխիթարյանի, բայց նորեկներով. Կապառոսի հույսը՝ թիմային լավ խաղն է

Առանց առաջատարի, բայց նորեկներով Հայաստանի ազգային հավաքականը վաղը Սկոպեյում ուժերն է փորձելու Մակեդոնիայի հավաքականի հետ, իսկ օրեր անց Երևանում ընդունելու է Էստոնիային: Երկար սպասված հանդիպումներ՝ տևական դադարից հետո: Ինչ վիճակում է Կապառոսի գլխավորած ընտրանին մոտենում հաշվետու խաղերին, ինչ խնդիր է փորձելու լուծել և ինչպես: Ֆուտբոլային, այնպես էլ մերձֆուտբոլային հարցերը շատ են և դժվար թե դրանց պատասխանները հաջողվի ստանալ առաջիկա խաղերում, կամ դրանցից հետո: Առանձնացրել ենք մի քանիսը:

Առանց Մխիթարյանի

Միայն Մխիթարյանի ներկայությունը արդեն շատ բան է նշանակում հավաքականի համար: Այն, որ նա չի խաղալու՝ արդեն վատ է, իսկ թե ինչու չի խաղալու՝ արդեն այլ հարց է: Վնասվածք Հենոն չունի, արձակուրդում էր, լավ մարզավիճակում չէ և օրեր առաջ է վերսկսել մարզումները՝ «Ռոմայի» կազմում նախապատրաստվելով նոր մրցաշրջանին: Պաշտոնապես սրանով են բացատրում նրա բացակայությունը, առավել ևս որ հավաքականը որևէ տիտղոսի կամ ուղեգրի խնդիր չունի լուծելու, սակայն շատերը խնդիրն այլ տեղ են տեսնում: Մասնավորապես Հենոյի ու ֆեդերացիայի միջև կապը հեռու է կատարյալից, իսկ կտրվել է անցած դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո:

Առանց Հենոյի, բայց խանդավառությամբ

Կապառոսը նկատեց, որ Հենոյի բացակայությունը զգացնել կտա, բայց շտապեց ընդգծել. թիմում կան նորեկներ, որոնք ապացուցելու բան ունեն: Խանդավառությամբ, ըստ մարզչի, սպասում են վաղվա մրցավեճին: Սա «Մխիթարյանի պատմության» հակառակ և դրական կողմը կարելի է համարել: Մնացածը ցույց կտա հանդիպումը:

Ինչ խնդիր է լուծելու Կապառոսը

Հաշվետու խաղարկությունն իրենից նախապատրաստական փուլ է հիշեցնում, մրցակիցներն էլ՝ հատուկ ընտրած: Կապառոսն իր հայտարարություններում շատ զգույշ է և դա լավ է: Սա նշանակում է՝ իսպանացին ռեալ է գնահատում իրավիճակն ու չի շտապում բեռ շալակել ուսերին: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով կհաջողվի նրան այս կարճ ժամանակում գուշակել ու ճիշտ կողմնորոշվել խաղացողների հարցում: Ի վերջո, շատ հարցեր, որոնք մեր ֆուտբոլում վաղուց սովորական են, կարող են բացահայտում դառնալ փորձառու Խոակինի համար: Սա կարող է խոչընդոտ լինել, մյուս կողմից միշտ ցանկալի է սկսել հաղթանակով:

Ինչպես սկսել հաղթանակով

Որքան էլ սպասելիքները մեծ են իսպանացի մասնագետից, վերջինս շատ խնդիրներ չի կարողանա լուծել, եթե այդ հարցում նրան չօգնեն ֆուտբոլիստները: Համավարակով պայմանավորված դադարից հետո պատկերն ավելի վատ կարող էր լինել խաղացողների մարզավիճակի առումով: Քիչ թե շատ հավաքին մասնակցող տղաներից շատերը հասցրել են պաշտոնական հանդիպումներ անցկացնել, ոմանք նույնիսկ աչքի ընկել արդյունավետ խաղով: Ասուլիսի ընթացքում Կապառոսը շեշտեց, որ հույսը՝ թիմային լավ խաղն է: Այսինքն մեկով կամ երկուսով գործը գլուխ չի գա և հաջողության հասնելու համար պետք է հավասարապես աշխատեն բոլորը: Եվ հենց այստեղ է գլխավոր հարցը:

Hot Videos