«Սպարտակն» երկրորդն է. Տիկնիզյանն ու Զախարյանը փոխանակվեցին գոլերով

Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը: Չեմպիոնի հարցը վաղուց փակել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», մրցաշրջանն ավարտեց արտագնա խաղում տարած վստահ հաղթանակով: Մրցակիցը «Տամբովն» էր, որի ճակատագիրը նույնպես վաղուց որոշված էր: Թիմը վերջին տեղը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակում՝ վաստակած ընդամենը 13 միավորով: Պարզ չէր, թե որ թիմը կգրավի երկրորդ հորիզոնականը:

Մոսկվայի «Սպարտակին» բավարարում էր ոչ-ոքի արդյունքը, սակայն քիչ էր մնացել Դոմինիկո Տեդեսկուի սաները ձեռքից բաց թողնեին ունեցած առավելությունը: «Սպարտակը» Գրոզնիում մրցեց «Ախմատի» հետ, որին հաջողվեց խաղալ մրցակցի ու նրա երկրպագուների նյարդերի հետ: Առաջին խաղակեսից հետո տանտերերն առաջ էին հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո Պրոմեսն ու Մոզեսը կարողացան մեկական գոլ խփել ու իրենց թիմին պարգևել այդքան անհրաժեշտ միավորն ու նվաճել Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությանը մասնակցելու իրավունք: Երրորդ տեղը բաժին հասավ Մոսկվայի «Լոկոմոտիվին», որը վերջին տուրում դժվարին խաղում կարողացավ երեք միավոր պոկել Եկատերինբուրգի «Ուրալից»: Չորրորդ տեղը զբաղեցրեց «Սոչին», հինգերորդ հորիզոնականը՝ Կազանի «Ռուբինը»: Հիշեցնենք, որ Ռուսաստանում եվրագավաթային են համարվում առաջինից մինչև հինգերորդ տեղերը:

Ստորին հատվածում Պրեմիեր լիգան վաղուց լքած «Տամբովին» միացավ Վոլգոգրադի «Ռոտորը»՝ զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը: Տուլայի «Արսենալն» ու «Ուֆան» դեռ կարող են պահպանել իրենց տեղը ռուսական ֆուտբոլի էլիտայում, եթե հաջող հանդես գան անցումային մրցավեճերում:

Մոսկվայի ԲԿՄԱ-ն մնաց առանց եվրագավաթների, նույն բախտին արժանացավ նաև Մոսկվայի «Դինամոն»: Ի դեպ, վերջին տուրում բանակայիններն ու դինամոյականները մրցեցին միմյանց հետ: Հաջողությունն ուղեկցեց «Դինամոյին», թիմը տարավ կամային հաղթանակ: Հարկ է նշել, որ կողմերից մեկական անգամ աչքի ընկան հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստները: Նախ հաշիվը ԲԿՄԱ-ի կազմում բացեց Նայաիր Տիկնիզյանը, իսկ իր թիմի երրորդ ու հաղթական գոլը խփեց Արսեն Զախարյանը: Հավելենք, որ կողմերը մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հարևանությամբ՝ ԲԿՄԱ-ն վեցերորդն է, «Դինամոն» յոթերորդը:

Մրցաշրջանը լավ չդասավորվեց «Ռոստովի» ու հատկապես «Կրասնոդարի» համար: Վերջիններս նույնպես գնացին արձակուրդ՝ աղյուսակում լինելով հարևաններ: Կարպինի գլխավորած թիմը զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ Գոնչարենկոյի սաները բավարարվեցին 10-րդ հորիզոնականով: Վերջին տուրում մրցեցին միմյանց հետո, արտագնա հաղթանակ տարավ «Կրասնոդարը»: Հայաստանի ազգային ընտրանու խաղացող Արշակ Կորյանի «Խիմկին» հանգրվանեց 8-րդ տեղում՝ առաջ անցնելով նույն «Ռոստովից», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում նրա թիմակից Խորեն Բայրամյանը:

  • Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 23 հանդիպում, խփեց 3 գոլ ու կատարեց գոլային 1 փոխանցում: 
  • Արշակ Կորյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 14 հանդիպում, խփեց 4 գոլ ու կատարեց գոլային 1 փոխանցում: 
  • Նայաիր Տիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 28 հանդիպում, խփեց 2 գոլ ու կատարեց գոլային 5 փոխանցում: 
  • Արսեն Զախարյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 13 հանդիպում, խփեց 3 գոլ ու կատարեց գոլային 5 փոխանցում: 

Ռուաստանի Պրեմիեր լիգայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ու Ռուաստանի ազգային հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան: Վերջինս «Տամբովի» հետ վերջին տուրի խաղում դարձավ պոկերի հեղինակ՝ գոլերի թիվը հասցնելով 20-ի: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրեց Ձյուբայի թիմակից Սերդար Ազմունը՝ խփած 19 գոլով:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԶԵՆԻԹ 30 19 8 3 76 26 65
2 ՍՊԱՐՏԱԿ 30 17 6 7 56 37 57
3 ԼՈԿՈՄՈՏԻՎ 30 17 5 8 45 35 56
4 ՌՈՒԲԻՆ 30 16 5 9 42 33 53
5 ՍՈՉԻ 30 15 8 7 49 33 53
6 ԲԿՄԱ 30 15 5 10 51 33 50
7 ԴԻՆԱՄՈ 30 15 5 10 44 33 50
8 ԽԻՄԿԻ 30 13 6 11 35 39 45
9 ՌՈՍՏՈՎ 30 13 4 13 37 35 43
10 ԿՐԱՍՆՈԴԱՐ 30 12 5 13 52 45 41
11 ԱԽՄԱՏ 30 11 7 12 36 38 40
12 ՈՒՐԱԼ 30 7 13 10 26 36 34
13 ՈՒՖԱ 30 6 7 17 26 46 25
14 ԱՐՍԵՆԱԼ ՏՈՒԼԱ 30 6 5 19 28 51 23
15 ՌՈՏՈՐ 30 5 7 18 15 52 22
16 ՏԱՄԲՈՎ 30 3 4 23 19 65 13