«Սեւան» ֆուտբոլային ակումբի բաց նամակը Փաշինյանին ու Գիլոյանին

«Սեւան» ֆուտբոլային ակումբը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին եւ ՀՀ Ազգային ժողովի Գիտության, Կրթության, Մշակույթի, Երիտասարդության և Սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին:

«Վերջին շրջանում հայկական ֆուտբոլի շուրջ լուրջ իրադարձություններ են ծավալվում։ Խոսքն ամենևին Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթի մասին չէ, դա առանձին թեմա է, թեև շուրջ 1.5 տարի է, ինչ մենք ահազանգում էինք հավաքականում ծառացած և առկա խնդիրների մասին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՖՖ ղեկավարության կողմից վարվող անհանդուրժող, առհամարհական և անտարբեր վարքագիծը «Սևա ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Ցավոք ՀՖՖ ղեկավար կազմի համար միևնույն է, թե ինչ ճակատագրի կարժանանա Սևան ակումբը, որն այս պահին 10-ը թիմերի մեջ ընթանում է առաջատար քառյակում։ Նախապես ասենք, որ ակումբը ֆինանսական խնդիրներ չունի, բայց ենթակառուցվածքների առումով, ինչպես ՀՀ առաջնության մասնակից թիմերից շատերը, «Սևանը» նույնպես ունի լուրջ խնդիրներ։ Բայց, եթե ՀՖՖ-ն այլ ակումբների աջակցում է ցանկացած հարցով, «Սևանին» մերժում է բոլոր հարցերում և կանգնեցնում արհեստական այլ խոչընդոտների առաջ։ Բանը հասել է նրան, որ վերջին տուրերում վճռորոշ պահերին նկատվում են նաև մրցավարների կողմնակալ որոշումները մեր մրցակիցների օգտին։

Մեր բոլոր խնդրանքները, հեռախոսազանգերը և հորդորները բառացիորեն առհամարհվում են ՀՖՖ-ում։ Այս պատճառով «Սևան» ՖԱ-ն պատրաստվում է չներկայանալ նոյեմբերի 17-ին նախատեսված հերթական տուրի հանդիպմանը, բայց պարզվում է ֆեդերացիայում շատ անհամբերությամբ են սպասում, թե երբ է «Սևանը» ինքնակամ դուրս գալու մեր առաջնությունից։ Ցավոք, եթե «Սևանը» դուրս գա մեր առաջնությունից, ապա կդառնա վերջին երկու տարվա մեջ 10-րդ ակումբը, որը կդադարի մասնակցել ՀՀ առաջնություններին, հաշվի առնելով առաջին և բարձրագույն խմբերում հանդես եկած ակումբները։ Հավատացեք, որ սա չի խոսում ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին։

Նման կեցվածքը չի կարող օգտակար լինել հայկական ֆուտբոլին։ Մեր ակումբի պաշտոնական հայտարարության մեջ մենք նշել ենք, որ եթե ՀՖՖ ղեկավարները չշտկեն իրենց վարքագիծը, ապա մեր պահանջն է նաև նրանց հրաժարականը։

«Սևան» ՖԱ ղեկավար կազմը հստակ հասկանում է, որ սպորտային հարցերը քաղաքական դաշտում չպետք է լուծվեն։ Բայց քանի որ ՀՖՖ ղեկավար կազմում և գործադիր կոմիտեում կան Ձեր քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ, մեր խնդրանքն ու պահանջն է Ձեր ուշադրությանը ներկայացնել ստեղծված այս իրավիճակը։ «Սևանը» պահանջում է՝

  • Հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր ակումբների նկատմամբ և թիմերին չբաժանել օտարների և յուրայինների։
  • Վերջ տալ «Սևան» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ընդգծված կոշտ, կտրուկ և առհամարհական վերաբերմունքը, այլապես մենք կդադարեցնենք մեր ելույթները առաջնությունում, բայց չենք դադարի պայքարել արդարության համար։
  • Մենք պատրաստ ենք ֆուտբոլային դաշտում արդար խաղի սկզբունքներով ապացուցել մեր ուժը հայկական ֆուտբոլային ընտանիքում, այլ ոչ թե կուլիսային խաղերի միջոցով։

Հանուն ֆուտբոլի զարգացման և արդար մրցակցության, դեռ ժամանակ կա շտկելու իրավիճակը»,- ասված է նամակում:

Ավելի վաղ «Սեւան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել ու ներկայացրել մի շարք պահանջներ: