ՀՖՖ գործկոմում «Սևանի» ներկայացուցիչը նշել է, որ քննվում է պայմանավորված խաղերում «Սևան» ՖԱ-ի ներգրավվածության հարցը

«Սևան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձ էր կատարել հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես հորդորելով ՀՖՖ գործկոմի իր առաջադրած թեկնածուին հրաժարական տալ: Խոսքը Կարեն Շաբոյանի մասին է, որն իր հերթին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ պատասխանելով «Սևանի» հայտարարությանը:

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ,
Ես՝ Կարեն Շաբոյանս, 2019 թվականի դեկտեմբերին ՀՖՖ Գործկոմի անդամի թեկնածու առաջադրվեցի «Սևան» ՖԱ-ի կողմից։ «Սևան» ՖԱ-ի նախագահ Հայկ Գրիգորյանը, ինչպես և ես, «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման հիմնադրման ակունքներում է եղել և ինձ ճանաչել է երկար տարիներ, ուստի գերազանց տեղեկացված է հայկական ֆուտբոլի նկատմամբ իմ նվիրվածության մասին։

Ես, ընտրվելով ՀՖՖ Գործկոմի անդամ, մշտապես ծառայել եմ հայկական ֆուտբոլի շահերին՝ փորձելով օգտակար լինել բոլոր ակումբներին և շահառուներին։ Հարկ եմ համարում նշել, որ իմ կարծիքով՝ գործկոմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է հետևել հենց այդ սկզբունքին։ «Սևան» ՖԱ-ի պնդումը, թե ես չեմ զբաղվել ակումբի խնդիրներով իրականությանը չի համապատասխանում։

Վստահ եմ, որ «Սևան» ՖԱ-ի`իմ մասին արված հայտարարությունը հստակ ուղղորդված է։ 2020 թվականի մայիսից հանդիսանում եմ Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի անդամ։
Պայմանավորված խաղերը համարելով հայկական ֆուտբոլի համար չարորակ ուռուցք՝ իմ ուժերն եմ ներդրել դրանց բացահայտման ուղղությամբ։ Նաև իմ ջանքերի արդյունքում, մենք հաջողությամբ ավարտել ենք աշխատանքների առաջին փուլը՝ որակազրկվել են 5 ակումբ և 58 անձիք։ Այս պահին կասկածելի խաղերի բացահայտման աշխատանքները շարունակվում են, ինչը, ենթադրաբար, անհանգստություն է պատճառում որոշ շրջանակների։ Մասնավորապես, վերջին շրջանում քննվում է պայմանավորված խաղերում «Սևան» ՖԱ-ի ներգրավվածության հարցը։

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ, իրավունք ունեմ մտածելու, որ «Սևան» ՖԱ-ի հայտարարությունը կապ ունի նաև այդ հանգամանքի հետ։
Ինձ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ նման երևույթի դեմ պայքարում հանդիպելու եմ տարբեր խոչընդոտների և դիմադրության։ Ցանկանում եմ ընդգծել, որ ոչ մի նման հանգամանք ինձ չի կաշկանդելու և ես շարունակելու եմ իմ գործունեությունը՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման»,- գրել է Շաբոյանը:

Hot Videos