«Սևան» ՖԱ VS ՀՖՖ գործկոմում «Սևան» ՖԱ ներկայացուցիչ. ՄԱՍ 3

Օրեր առաջ «Սևան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձ էր կատարել հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես հորդորելով ՀՖՖ գործկոմի իր առաջադրած թեկնածուին հրաժարական տալ: Խոսքը Կարեն Շաբոյանի մասին էր, որն իր հերթին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ պատասխանելով «Սևանի» հայտարարությանը:  «Սևան» ֆուտբոլային ակումբը Կարեն Շաբոյանի հայտարարության վերաբերյալ հայտնել է հետևյալը:

«Հարգելի ֆուտբոլասերներ,
ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը մի քանի օր առաջ արձագանքեց մեր վերջին հայտարարությանը, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

  1. Այո, մեր ակումբի նախագահ` Հայկ Գրիգորյանը, ինչպես նաև Կարեն Շաբոյանը եղել են կանգնած «ՖԱՖ»-ի ակունքներում, սակայն դա եղել է 12-13 տար առաջ: Կարեն Շաբոյանի պնդումը, թե Հայկ Գրիգորյանը ճանաչել է իրեն երկար տարիներ, ուստի գերազանց տեղեկացված է հայկական ֆուտբոլի նկատմամբ իր նվիրվածության մասին, չի համապատասխանում իրականությանը: Մարդուն ճանաչելու համար պետք է գոնե մի փոքր շփվել տվյալ մարդու հետ: Սակայն վերոնշյալ տարիների ընթացքում մեր ակումբի նախագահի շփումը Կարեն Շաբոյանի հետ եղել է միայն պատահական տեղերում հանդիպելիս և սահմանափակվել է ժողովրդական լեզվով ասած «բարև, բարի լույսով»:
    Միակ շփումը ֆուտբոլային թեմաներով Կարեն Շաբոյանի հետ եղել է ՀՖՖ գործկոմի վերջին ընտրությունների ժամանակ, երբ մեր ակումբի նախագահը ներկայացրել է ակումբի առաջ ծառացած խնդիրները և հույս հայտնել, որ դրանք կբարձրաձայնվեն ՀՖՖ գործկոմի նիստերի ժամանակ և կստանան որևէ լուծում:

2. Կարեն Շաբոյանը իր հայտարարության մեջ նշում է, թե չի համապատասխանում իրականությանը «Սևան» ֆուտբոլային ակումբի այն պնդումը, որ ինքը չի զբաղվել ակումբի խնդիրներով: Դրանից մի քանի օր առաջ Կարեն Շաբոյանը՝ news.am-ին տրված իր հարցազրույցում նշել էր, մեջբերում ենք.

«Հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ով, ինչ ուզում, խոսում է: Իրականում, պետք է յուրաքանչյուր ասածը լինի հիմնավորված և ունենա իրավական մինիմալ հիմնավորումներ»:

Կարեն Շաբոյանին հորդորում ենք մնալ իր իսկ կողմից արտահայտված սկզբունքների սահմաններում և հիմնավորել իր ասածները: Մեր ակումբի կոնկրետ ո՞ր խնդիրով է զբաղվել այսքան ժամանակ Կարեն Շաբոյանը: Ե՞րբ է զբաղվել: Ի՞նչ ձևաչափով: Ի՞նչ արդյունքի է հասել: Հարցեր, որոնց պատասխանները ակնկալում ենք լսել Կարեն Շաբոյանից: Նշենք նաև, որ մեր նախորդ հայտարարությունում բարձրացված հարցերը նույնպես մնացել էին անպատասխան Կարեն Շաբոյանի կողմից: Հույս ունենք, որ ի վերջո կլսենք կամ կկարդանք այդ հարցերի պատասխանները ևս:

3. Կարեն Շաբոյանը նշում է, թե վստահ է, որ մեր ակումբի արված հայտարարությունը ուղղորդված է, սակայն չի նշում, թե ում կողմից: Պարզապես ծիծաղելի է: Մարդ մի հարցազրույցում ասում է, կրկին մեջբերում ենք. «Հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ով, ինչ ուզում, խոսում է: Իրականում, պետք է յուրաքանչյուր ասածը լինի հիմնավորված և ունենա իրավական մինիմալ հիմնավորումներ», իսկ մեկ այլ հատարարությունում չի հիմնավորում իր իսկ ասածը:

4. Եվ վերջում ամենահետաքրքիրը: Կարեն Շաբոյանը հայտարարել է, որ վերջին շրջանում քննվում է պայմանավորված խաղերում «Սևան» ՖԱ-ի ներգրավվածության հարցը: Իյա իրո՞ք: Բա ե՞րբ է սկսվել այդ քննությունը, մեր արված հայտարարությունից առա՞ջ, թե հետո՞: Ինչի՞ հիման վրա է սկսվել այդ քննությունը: Եթե ՖԻՖԱ-ից կամ ՈՒԵՖԱ-ից ստացված որևէ զեկույցի համաձայն, ապա ե՞րբ է ստացել Կարեն Շաբոյանը այդ զեկույցը: Նշենք, որ չենք բացառում նման զեկույցի առկայություն, քանի որ լավ գիտենք, որ նմանատիպ զեկույցներ բազմաթիվ ակումբների վերաբերյալ պարբերաբար ուղարկվում են գրեթե բոլոր ֆեդերացիաներին, որոնց հիման վրա ֆեդերացիաները իրականցնում են ուսումնասիրություններ, սակայն ապացուցվում և հաստատվում է այդ զեկույցների չնչին տոկոսը: Ինչու՞ ակումբի որևէ աշխատակցի կամ ֆուտբոլիստի չեն կանչել բացատրություն տալու: Ինչու՞ Կարեն Շաբոյանը չի զանգահարել մեր ակումբի Նախագահ Հայկ Գրիգորյանին և ասել, որ նմանատիպ խնդիր կա և կարիք կա պարզաբանման: Հարցեր, որոնք կարծում ենք կրկին կմնան անպատասխան: Հաջողություն ենք մաղթում Կարեն Շաբոյանին այս քննաության հարցում և լիահույս ենք, որ մեր ֆուտբոլային հասարակությունը տեղեկացված կլինի այս գործի վերաբերյալ բոլոր մանրամասներին և կտա իր տրամաբանական գնահատականը այս իրավիճակի վերաբերյալ:
Հարգելի Ֆուտբոլասերներ,

Մեր ակումբը իր 3-րդ մրցաշրջանն է անցկացնում հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Մեր ակումբը ստեղծված օրվանից որդեգրել է ազնիվ և արդար ճանապարհ անցնելու սկզբունքը: Այս ընթացքում մեր ակումբի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացած եղել, որոնք հաղթահարվել են արդար և ուժեղ լինելու մեր ձգտումներով: Մենք այսուհետ ևս պայքարելու ենք մեր իրավունքների, արդարության և ճշմարտության համար, որը թույլ կտա մեզ մեր լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,- ասված է հայտարարությունում:

Hot Videos