Ռուբեն Մխիթարյան. «Հենոն իր երկրի համար ունեցել է, ունի և դեռ ունենալու է մատուցած անգնահատելի ծառայություններ»

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Էս տղեն նորանկախ Հայաստանի ամենաուժեղ ֆուտբոլիստն է: Եթե դուք գոնե մի քիչ ֆուտբոլից հասկանում եք, ապա վստահ կգիտակցեք, որ մոտակա 10 տարին ոչ մի այլ հայ ֆուտբոլիստ դժվար թե խաղա Եվրոպա Լիգայի եզրափակչում , էդ եզրափակչում դառնա ֆանտաստիկ գոլի հեղինակ, հաղթի այդ եզրափակիչը, հետո էլ Եվրոպա Լիգայի գավաթը ձեռքին ու եռագույնը թիկունքին հայտնվի ամբողջ աշխարհի մամուլի էջերին:
Բունդեսլիգայի տարվա ֆուտբոլիստ էլ դժվար թե մոտակա 10-20 տարին ունենանք: Դժվար ունենանք առաջիկա տասնամյակում ֆուտբոլիստ, որի կարիճի հարվածով գոլը համարվի Անգլիական Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների 50 լավագույն գոլերից մեկը: Մի խոսքով: Ինչպես և Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը և մնացած փառահեղ մարզիկները, Հենոն իր երկրի համար ունեցել է, ունի և դեռ ունենալու է մատուցած անգնահատելի ծառայություններ:
Ֆեյսբուքում չեն կերտվում իրական հաղթանակները: Իրական հաղթանակների հասնում են խաղադաշտում, գորգի ու ծանրամարտի հարթակների վրա: Էս տղեն այդ ամեն ինչին հասել է: Իսկ ո՞վ ես դու՝ ֆեյսբուքից դուրս»,- գրել է Մխիթարյանը:

Hot Videos