Ռոնալդուն հրաժեշտ է տվել թիմակիցներին ու սպասում է նորությունների գործակալից

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտ է տվել թիմակիցներին և հեռացել է ակումբի մարզաբազայից: Այս մասին թվիթերի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Այսօր նա չի մարզվել: Մարզաբազայում անցկացրել է 40 րոպե, որպեսզի հրաժեշտ տա թիմակիցներին: Կրիշտիանուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից» և ներկա պահին սպասում է նորություններից գործակալից, որը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ»,- գրել է լրագրողը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Սիթին» պատրաստ է Ռոնալդուին պայմանագիր առաջարկել մինչև 2023 թվականը: Նրա գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:

Պորտուգալացու հնարավոր տրանսֆերի հետ կապված խոսել է նաև «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու նշել, որ հիասթափված չէ Ռոնալդուից:

«Նա ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», արդեն կայացրել է իր որոշումը: Հիմա նա պետք է նոր ակումբ փնտրի այստեղ երեք տարի անցկացնելուց հետո: Սա ընդամենը կյանքի մի մասն է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերել լրագրող Ռոմանոն: