Ամենաարագ գոլը Կիեզայից, Ռոնալդուն կրկին խփեց վերջին րոպեին. «Բարսայի» հակառեկորդը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Բարսելոնան»: Կատալոնացիներն այս անգամ երեք գոլ բաց թողեցին Պորտուգալիայում «Բենֆիկայից»: Առաջին անգամ պատմության մեջ «Բարսան» եվրագավաթային խաղարկության մեկնարկային երկու տուրում չի կարողանում գոլ խփել: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում վերջին հինգ խաղում Կումանի գլխավորած թիմը մեկ ոչ-ոքի է արել ու կրել է չորս պարտություն՝ խփելով 2 եւ բաց թողնելով 14 գոլ:

Հաշվետու տուրի խաղային երկրորդ օրը կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Սուլշերի սաները կարողացան կոտրել իսպանական «Վիլյառեալի» դիմադրությունը, գրանցվեց 2:1 հաշիվը: Ալեքս Տելեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 90-րդ րոպեին պորտուգալացուց շատ որեւէ այլ խաղացող գոլ չի խփել՝ 3 գոլ: Նույնքան գոլ է խփել Սերխիո Ագուերոն:

ԿրիՌոն իր 178-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ անցնելով Իկեր Կասիլյասին: Պորտուգալացին հիմա մրցաշարի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է: Կրիշտիանուն հաղթական գնդակը խփեց 36 տարեկան 236 օրական հասակում: Նա մանկունիանցիների ամենատարեց խաղացողն է Բրայան Ռոբսոնից հետո, որն «Օլդ Թրաֆրոդում» գոլ է խփում եվրագավաթային խաղարկությունում: 1993 թվականին Ռոբսոնն աչքի է ընկել 36 տարեկան 282 օրական հասակում:

Նշենք, որ Ալեքս Տելեսը դարձավ յոթերորդ բրազիլացին, որը գոլ է խփում «Մանչեսթերի» կազմում Կլեբերսոնից, Անդերսոնից, Ֆաբիոյից, Անդրեաս Պերեյրայից ու Ֆրեդից հետո: Փոխարենը ոչ մի կերպ «Յունայթեդի» կազմում գոլ չի կարողանում խփել Ջեյդոն Սանչոն: Ավելին, վերջինս գոլ չի խփել ու գոլային փոխանցում չի կատարել թիմի կազմում անցկացրած ութ խաղում այն բանից հետո, երբ նա հնգական գոլով ու գոլայինով էր աչքի ընկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր վերջին ութ մրցավեճում: Դորտմունդում Սանչոն առանց գոլի ու գալայինի խաղերի ամենաերկար շարքը չի անցել յոթ խաղը:

Թուրինում պարտություն կրեց Լոնդոնի «Չելսին»: Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության հաղթողը մրցաշարի շրջանակներում արտագնա հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց իտալական թիմերից: Տուխելի թիմը պարտվել է  2009/10-ին «Ինտերին», 2011/12-ին «Նապոլիին», 2012/13-ին «Յուվենտուսին», 2017/18-ին «Ռոմային», 2021/22-ին «Յուվենտուսին»:

«Յուվեն» հաղթեց նվազագույն հաշվով, իսկ Ալեգրիի գլխավորած թիմի կազմում հաղթական գոլը խփեց Ֆեդերիկո Կիեզան՝ աչքի ընկնելով ընդմիջումից 10 վայրկյան անց: 2003/04 մրցաշրջանից սկսած սա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում երկրորդ կեսերում խփված ամենաարագ գոլն է:

Կրկին վստահ տեսք ուներ Մյունխենի «Բավարիան»: Նագիլսմանի սաներն այս անգամ հաղթեցին Կիեւի «Դինամոյին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ: Մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին: Վերջինս բավարացիների կազմում վերջին 100 խաղում 119 գոլ է խփել: 2021 թվականին նա արդեն 41 գոլ է խփել: Եվրոպական առաջատար լիգաները ներկայացնող որեւէ այլ խաղացող ավելի շատ չի խփել: Ավելին, Լեւանդովսկին վեց գոլով այս պահին ավելի շատ է խփել: