«Ռոման» հաղթեց առանց Մխիթարյանի. Էլ Շարավին կրկին գոլ խփեց եվրագավաթներում

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Հռոմի «Ռոման» մրցակից դաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց ուկրաինական «Զարյայի» դարպասը: Հյուրերի կազմում խաղին հայտավորված էր, բայց խաղադաշտ դուրս չեկավ Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում մեկական անգամ աչքի ընկան Սմոլինգը, Աբրահամն ու Էլ Շարավին: Վերջինս «Ռոմայի» կազմում եվրագավաթային խաղարկություններում վերջին հինգ խաղից չորսում առնվազն մեկ գոլ է խփել: Ի դեպ, «Ռոմայի» պատմության մեջ առաջին անգամ մեկ խաղում թիմի կազմում գոլ են խփում երկու անգլիացի՝ Սմոլինգն ու Աբրահամը:

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի տնային խաղում պարտություն կրեց «Նապոլին»: Սպալետիի գլխավորած թիմը 3:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակին»: Տանտերերի կազմում երկրորդ գոլը խաղի վերջում խփեց Վիկտոր Օսիմհենը: Վերջինս սեպտեմբերին խփեց յոթ գոլ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Անցած ամիս եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող խաղացողներից որեւէ մեկը ավելի շատ գոլ չի խփել, քան Օսիմհենը: Նույնքան գոլ խփել է Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալից»: