Պետրոս Ավետիսյանն՝ իր մարզավիճակի, թիմի, հավաքականի առաջիկա խաղերի և այլ հարցերի մասին

Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումները սարերի հետևում չեն: Տևական դադարից հետո ասպարեզ է դուրս գալու Հայաստանի ազգային ընտրանին Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Բարդ ժամանակահատվածում, երբ շատ թիմեր նոր են հունի մեջ մտնում պարտադրված հանգստից հետո, դժվար է մարզիչների համար կողմնորոշվել խաղացողների հարցում: Ուրախալին այն է, որ այս ֆոնին իրենց արդյունավետ խաղով աչքի են ընկնում այն խաղացողները, որոնք համարվում են հայկական ֆուտբոլի ապագան: Մասնավորապես Վահան Բիչախչյանն է լավ մարզավիճակ հավաքել և գոլեր խփում Սլովակիայի առաջնությունում, Պետրոս Ավետիսյանն է իրեն լավ դրսևորում ղազախական «Տոբոլում»: Վերջինս երեկ իր անդրանիկ գոլը խփեց նոր թիմի կազմում՝ գրավելով «Նոայի» առաջիկա մրցակից «Կայրաթի» դարպասը և դա արեց գեղեցիկ ու վստահ ձևով: Մեզ հետ զրույցում Պետրոս Ավետիսյանը, որը ազգային հավաքականում հասցրել է պաշտոնական հինգ հանդիպման մասնակցել, խոսել է իր և իր թիմի վիճակի, նպատակների մասին, ինչպես նաև կիսվել ազգային ընտրանու առաջիկա խաղերից ակնկալիքներով:

  • Ի՞նչ վիճակում եք հիմա, դու ի՞նչ մարզավիճակում ես:
  • Կարելի է ասել հունի մեջ ենք մտնում: Երեկ էլ դժվար հանդիպում անցկացրեցինք «Կայրաթի» հետ: Կամաց-կամաց մտնում ենք բնականոն հունի մեջ:  Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ շատ լավ եմ զգում: Միշտ էլ ավելացնելու տեղ կա, բայց երեկվա խաղը ցույց տվեց, որ այս պահին բավականին լավ մարզավիճակում եմ:
  • «Տոբոլն» հիմա ի՞նչ խնդիր է լուծում առաջնությունում:
  • Խաղից խաղ ձգտում ենք առավելագույնին: Խնդիր է դրված յուրաքանչյուր խաղում միավորներ վաստակել: Թիմը պայքարում է բարձր հորիզոնականների համար:
  • Ունի՞ այդ ներուժը թիմը:
  • Այո, իհարկե: Լավ թիմ է ձևավորվել, պետք է պայքարենք: Ամեն ինչ մեզանից է կախված ու մեր խաղից: Ընթացքը ցույց կտա:
  • Տեղափոխությունը «Տոբոլ» քայլ առաջ համարո՞ւմ ես:
  • Հայաստանում, կարելի է ասել, ամեն ինչի հասել էի: Հասցրել եմ չեմպիոն դառնալ, հաղթել գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններում: «Արարատ-Արմենիայի» հետ բավականին լուրջ արդյունքների հասանք: Կարծում եմ ժամանակն էր տեղափոխվել արտասահման, իսկ տեղափոխությունը «Տոբոլ» միանշանակ քայլ առաջ եմ համարում ինձ համար: Ճիշտ է, վերջին շրջանում Հայաստանի առաջնության մակարդակը նույնպես բարձրացել է, բայց Ղազախստանի առաջնությունն ամեն դեպքում մակարդակով բարձր է այս պահին, թիմերի քանակն է շատ, մրցակցությունն ավելի մեծ է: Ուժեղ թիմեր շատ կան: Օրինակ նույն «Կայրաթը», որի հետ մրցեցինք երեկ:

  • Սեփական փորձդ ի՞նչ է ասում: «Կայրաթն» այսօր հայկական ո՞ր թիմի հետ կարող ես համեմատել: Իր ներուժով հավասարազո՞ր է «Արարատ-Արմենիային», կամ նույն «Նոային», որի հետ օրեր անց մրցելու է:
  • Մի փոքր դժվար է համեմատականներ տանել՝ հաշվի առնելով այն ֆուտբոլը, որը ձեր նշած թիմերը դավանում են: «Արարատ-Արմենիան», որի կազմում ես խաղում այլ ֆուտբոլ էր խաղում, հիմա մարզչական կազմը փոխվել է: Նկատում եմ, որ փորձում են այլ ֆուտբոլ խաղալ: Նույն «Նոան» բավականին լավ թիմի տպավորություն է թողնում: Կարծում եմ՝ «Նոան» կարող է հավասար պայքար մղել «Կայրաթի» հետ:
  • Երևում է՝ հասցնում ես հետևել Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլային իրադարձություններին:
  • Այո, իհարկե: Հետևում եմ և դիտում են հանդիպումները:
  • Դիտել ես նաև «Արարատ-Արմենիա» — «Օմոնիա» խաղը:
  • Այո և շատ եմ ափսոսում, որ այդպես ստացվեց:
  • Երևի մտածել ես՝ ինչու ԱԻԿ-ի փոխարեն անցած տարի «Օմոնիային» բաժին չստացանք որպես մրցակից:
  • Դե դժվար է ասելը, թե ինչպես կզարգանային իրադարձությունները: «Օմոնիան» նույնպես լավ թիմ է և հատկապես դա երևաց լրացուցիչ խաղակեսերում:
  • Անցած տարվա ձեր ընթացքը եվրաասպարեզում հաճա՞խ ես տեսնում քո երազներում:
  • (Ծիծաղում է) Դե չէ, երազներում չեմ տեսնում, բայց երբ մտքիս գալիս են այդ խաղերը, վերջերս լույս տեսած «Խաղի մեջ» ֆիլմն եմ դիտում, որը պատմում է մեր անցած ճանապարհի մասին: Հաճախ եմ դիտում այն:
  • Առջևում հավաքականների խաղերն են: Ինչպիսի՞ սպասումներ ունես: Երկար ժամանակ հավաքականը չի խաղացել:
  • Պետք է ամեն ինչ անենք լավ արդյունքի հասնելու համար: Նոր մարզիչ ունենք, նոր մոտեցումներ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կդասավորվի մեզ համար:
  • Սպասվում է, որ նոր մարզչական կազմը նոր մոտեցումների հետ մեկտեղ կփորձի նաև թարմ արյուն ներարկել: Պատրա՞ստ եք երիտասարդներով նման մարտահրավերի:
  • Խուակին Կապառոսը լուրջ և փորձառու մասնագետ է և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Իր գործի պրոֆեսիոնալն է և վստահ եմ, որ այս մասով իր անելիքը գիտե: Մեզանից անցնում է խաղալ ու արդարացնել մարզիչների սպասելիքները: Ես ինձ համար կարող եմ ասել, որ միշտ եմ պատրաստ, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին:
  • Այս ընթացքում հասցրե՞լ եք զրուցել: Մարզիչը կապ հաստա՞տել է քեզ հետ ծանոթանալու համար:
  • Դեռ ոչ, կարծում եմ առաջիկայում կհասցնենք ծանոթանալ ու միմյանց ավելի լավ ճանաչել:
  • Իսկ հրավեր հավաքականից արդեն ստացե՞լ ես, թե դեռ՝ ոչ:
  • Ոչ, դեռ հրավեր չեմ ստացել:

  • Ի՞նչ ես կարծում կկարողանաք այս անգամ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Մրցակիցները կարելի է ասել ոչ ուժեղ են, ոչ թույլ:
  • Պետք է մեր առավելագույնը տանք, ձգտենք հաղթանակի յուրաքանչյուր խաղում:
  • Հասցրել ես քո նորամուտը նշել ազգային հավաքականում: Շա՞տ էիր լարված:
  • Դա սկզբում է, իսկ հետո ամեն ինչ անցնում է:
  • Մխիթարյանի գործոնն երևի շատ է օգնում այդ հարցում:
  • Իհարկե, վստահություն է հաղորդում: Նման մակարդակի խաղացողի կողքին խաղալը լուրջ դպրոց է յուրքանչյուր ֆուտբոլիստների համար, առավել ևս երիտասարդների: Ընդհանրապես ինչքան շատ լինեն մեր հավաքականում նման փորձառու տղաները, այդքան հեշտ կլինի մեզ՝ երիտասարդներիս համար:
  • Հարմարվե՞լ ես արդեն ղազախական առօրյային, թե դեռ ոչ:
  • Ճիշտն ասած՝ սկզբում էր դժվար: Փաստորեն ստացվեց այնպես, որ իմ տեղափոխվելուց հետո ընդամենը մեկ խաղ անցկացրեցինք և հետո կարանտին հայտարարվեց: Դժվար էր օտար երկրում մի քանի ամիս անցկացնել տանը: Այս մասով ինձ շատ օգնեց հանգամանքը, որ մենակ չէի: Ինձ հետ է Արման Հովհաննիսյանը:
  • Արման Հովհաննիսյանն ինչպե՞ս է իրեն զգում «Տոբոլում»:
  • Շատ լավ: Մարզվում ենք, փորձում ենք կատարելագործվել ու միշտ լինել լավ մարզավիճակում մեր թիմին օգնելու համար:

Հաբեթ Հարությունյան

Hot Videos