Պեպի 300-րդ խաղը, Ռոնալդուն հավասարվեց Իկերին, Հալլերի նորամուտը պոկերով

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:3 հաշվով հաղթեց գերմանական «Լայպցիգին»: Սա «Սիթիի» 50-րդ հաղթանակն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրած 91 խաղում: Ի դեպ, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը զիջում է միայն Մադրիդի «Ռեալին», որը 50 հաղթանակի սահմանին հասել է ամենաարագը՝ 88 խաղում: «Սիթիից» պահանջվեց 91 հանդիպում:

Ի դեպ, «Սիթիի» կազմում արդյունավետ գործողություններով աչքի ընկավ թիմի նորեկ Ջեկ Գրիլիշը: Վերջինս դարձավ առաջին անգլիացին, որը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իր նորամուտի խաղում գոլ է խփում ու գոլային փոխանցում կատարում Ուեյն Ռունիից հետո: Վերջինս դա արել էր 2004 թվականի սեպտեմբերին «Ֆեներբախչեի» հետ մրցավեճում:

«Սիթին» 300-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց Պեպի գլխավորությամբ: Այս ընթացքում «Քաղաքայինները» տարել են 219 հաղթանակ: Ավելին, հաշվետու մրցավեճը 750-րդն էր Պեպի մարզչական կարիերայում, նրա գլխավորած թիմերը հաղթել են դրանցից 547-ում:

Խաղային օրվա մեկ այլ մրցավեճում Ամստերդամի «Այաքսը» հինգ գոլ խփեց պորտուգալական «Սպորտինգի» հարկի տակ՝ բաց թողնելով ընդամենը մեկը: Հյուրերի կազմում իր նորամուտը պոկերով նշեց Սեբաստիան Հալլերը: Վերջինս դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իր նորամուտի խաղում չորս գոլ է խփում եւ առաջին ֆուտբոլիստը Մարկո վան Բաստենից հետո: Վերջինս 1992 թվականի նոյեմբերին նման արդյունավետությամբ աչքի է ընկել «Միլան» — «Գյոտեբորգ» խաղում:

Բելգիական «Բրյուգեի» հարկի տակ հաղթանակ չկարողացավ տանել «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրասիական թիմը ոչ-ոքի խաղաց, իսկ խաղին մասնակցեց թիմի նորեկ Լիոնել Մեսսին: Արգենտինացին իր 150-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Նա երրորդ ֆուտբոլիստն է (ոչ դարպասապահ), որը նման ցուցանիշ է գրանցում մրցաշարում Խավիից (151) ու Ռոնալդուից (177) հետո:

Տուրի խաղային առաջին օրը հաղթանակով սկսեց գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսին»՝ նվազագույն հաշվով հաղթելով Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»: Տոմաս Տուխելի գլխավորած թիմը կրկին դաշտից հեռացավ առանց գոլ բաց թողնելու: Թիմի դարպասապահ Էդուարդ Մենդիի համար սա 13-րդ հանդիպումն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Նա այդ խաղերից 10-ում սեփական դարպասը պահել է անառիկ: Նման ցուցանիշի, բայց ավելի քիչ խաղ անցկացնելով, հասել է միայն Կեյլոր Նավասը՝ 11 խաղ:

«Չելսիի» կազմում հաղթական միակ գոլը խփեց թիմի վերադարձած Ռոմելու Լուկակուն: 2019/2020 թթ մրցաշրջանից սկսած Լուկակուն եվրագավաթային խաղարկություններում խփել է 14 գոլ: Այս ընթացքում եվրագավաթային խաղարկություններում նրանից շատ գոլ խփել են միայն Ռոբերտ Լեւանդովսկին (21), Էրլինգ Հոլանդն (21) ու Բրունո Ֆերնանդեսը (17):

Իր եվրագավաթային ընթացքը պարտությամբ սկսեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը մրցակցի դաշտում պարտվեց շվեյցարական «Յանգ Բոյզին», գրանցվեց 2:1 հաշիվը: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց թիմի վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին իր 177-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Իկեր Կասիլյասին: Իսպանացին մինչ այս համարվում էր մրցաշարի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը: