«Նորավանքն» ու «Լեռնային Արցախը» կխաղան Առաջին խմբում

Հունիսի  11-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուների՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 2-ին՝ «Նորավանք ՖԱ» և «Լեռնային Արցախ ՖԱ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2021/2022թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի միջնորդությամբ կոմիտեն չքննեց «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի և «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի դիմումները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս արտոնագրային դիմում ներկայացնելուց հետո սեփական որոշմամբ հրաժարվել էին մասնակցել ակումբների արտոնագրման գործընթացին և խզել արտոնագրման գործընթացի համար նախատեսված պայմանագրերը՝ այդ պահից ի վեր չհանդիսանալով արտոնագրման թեկնածու:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Օնոր» և «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝

«Օնոր» ՍՊԸ — ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 15-ով (չի ներկայացրել ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը), 22-ով (չի ներկայացրել ՀՀ Առաջին խմբի առաջնության տնային խաղերի համար նախատեսված մարզադաշտի սեփականատիրոջ հետ կնքված որևէ գրավոր պայմանագիր), 25-ից մինչև 37-ով (չի ներկայացրել պահանջվող հաստիքներին նշանակված աշխատակիցների փաստաթղթային փաթեթներ), ինչպես նաև Հոդված 44-ով  (չի ներկայացրել ակումբի իրավական խմբի կառուցվածքում չընդգրկված, սակայն ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն, ինչպես նաև չի հիմնավորել նշված ընկերության կողմից ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսանալու փաստը) սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, իրավական, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՀԿ — ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդվածներ 16-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբը իր կազմում չի ներկայացրել 3 մանկապատանեկան թիմ, որոնք մասնակցում են ազգային, շրջանային և տեղական մակարդակով կազմակերպված և ՀՖՖ-ի կողմից ճանաչված պաշտոնական մրցաշարերի: Ակումբը չի ներակայացրել իրավական կառուցվածքում չընդգրկված, սակայն ակումբի միակ ֆինանսավորող կողմի մասին բավարար տեղեկատվություն:

Արտոնագրման դիմումներիի մերժման արդյունքում նշված 2 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2021/22թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):