Երևանի «Նոայի» սեփականատերը գնել է իտալական «Սիենան»

Իտալական «Սիենան» ձեռք է բերել «Berkeley Capital»-ը, որը պատկանում հայկական ընտանիքին:  Իտալական լրատվականները հայտնում են, որ ակումբը փորձել են ձեռք բերել նաև այլ ընկերություններ, մասնավորապես պայքարում տանուլ է տվել Ֆրանկո Ֆեդելիին պատկանող ընկերությունը: Նշվում է, որ Սիեանի քաղաքապետ Լուիջի Դե Մոսսին որոշել է ընդունել հենց հայկական ընտանիքին պատկանող ընկերության առաջարկը՝ փաստացի թույլ տալով նոր ղեկավարությանը նոր թիմ կառուցել: «Սիենան», որը սկսած 2020/21 թթ. մրցաշրջանից ունենալու է  Acn Siena 1904 անվանումը քաղաքը ներկայացնելու է Սերիա «D»-ում:  Ամփոփել ենք իտալական մամուլի վերջին օրերի անդրադարձը թեմային:

Մինչև կողմերի ընդհանուր հայտարարի գալը կողմերը հագեցած երկու օր են ունեցել: Հատկապես լարված է անցել վերջին օրը: Լուիջի Դե Մոսսին վերջնական որոշումը կայացրել է միայն ուշ երեկոյան: Ամենավերջին րոպեներին նույնիսկ քաղաքապետարանն առաջարկներ է ստացել, ընդհանուր հաշվով 11 առաջարկ: Վերջնական որոշումից առաջ քաղաքապետի ու մարզական գծով խորհրդականի հետ հանդիպմանը մասնակցել են պոտենցիալ ներդրողներից չորսի ներկայացուցիչները՝ Բենեվիտո Մանչինին, Ֆրանկո Ֆեդելին, Վահան Օհանյանն ու Ջովաննի Պելեգրինին: Մինչ այդ նախկինում հետաքրքրված ընկերություններից երկուսն հետ են վերցրել առաջարկները, իսկ մնացած հինգը չեն արձագանքել հետագա զարգացումներին:

Քաղաքապետը նախապատվությունը տվել է հենց հայ ներդրողների առաջարկին՝ հաշվի առնելով զարգացման ծրագիրը: Մինչ այդ Դե Մոսսին անձամբ պաշտոնական նամակով խնդրել է շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնել իրենց ծրագրերը: Ասել է, թե ինչպես են նրանք պատկերացնում ակումբի ապագան ու հետագա զարգացումը:

Մասնավորապես հայկական կողմը ներկայացրել է առնվազն հինգ տարվա մարզական նախագիծ, որն եղել է ամբողջական, ներառել է կապիտալի, ռեսուրսների թափանցիկության հետ կապված մանրամասներից մինչև ամբիցիաներ: Ավելին ընկերությունն երաշխավորել է, որ ապահովելու է ակումբի հին աշխատակցիների զբաղվածությունն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում են պահելու ակումբի մանկապատանեկան դպրոցը՝ փորձելով զարգացնել ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների խմբերը:

Սիենայի քաղաքապետը

«Սա լավագույն որշումն էր ինչպես քաղաքի, այնպես էլ երկրպագուների համար»,- իր կայացրած որոշումից հետո ասել է Լուիջի Դե Մոսսին: Վերջինս նկատել է, որ ներկայացվածը շատ լուրջ նախագիծ է, շնորհակալություն է հայտնել Ֆեդելիին և հույս հայտնել, որ արդեն ամեն ինչ կարգավորված է և երկրպագուներն հիմա ունեն այն, ինչին արժանի են:

Հայերին պատկանող «Berkeley Capital»-ը

«Berkeley Capital» ընկերության մասին սկսել են խոսել դեռ մինչև այն պահը, երբ «Սիենային» զրկեցին պրոֆեսիոնալ լիգայում մասնակցելու իրավունքից: Ընկերությանն է պատկանում նաև Հայաստանի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Նոան», ինչպես նաև Լատվիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Ռիգան», որը վերջերս է ձեռք բերել: «Սիենան» ձեռք բերելու հարցում լուրջ հետաքրքրություն է եղել, գաղափարից չեն հրաժարվել նաև այն ժամանակ, երբ պարզ էր, որ մերժել են ակումբին և թույլ չեն տա մասնակցել պրոֆեսիոնալ լիգային: Արդյունքում Սարգիս Գևորգյանի ղեկավարած ընկերությունը, որն Իտալիայում ներկայացնում են Ալեսանդրո Բելլին, Անդրեո Ռիստորին և Վահան Օհանյանը, հաղթել է Ֆրանկո Ֆեդելիի ղեկավարած «Sambenedettese» ընկերությանը, որը մինչև վերջ պայքարի մեջ է եղել:

Գործարքի ստորագրումից հետո «Berkeley Capital»-ի ներկայացուցիչները հանդես են եկել ասուլիսով, նույնիսկ հասցրել են ներկայացնել մարզական տնօրենին: Պաշտոնը զբաղեցնելու է Անդրեա Գրամատիկան:

Նշվում է, որ նախագիծն իր մեջ ներառում է ոչ միայն մարզական կողմը, այլ նաև ներդրումներ են արվելու ենթակառուցվածքների մեջ, մասնավորապես վերակառուցվելու է ստադիոնը: Ալեսանդրո Բելլին շնորհակալություն է հայտնել քաղաքի պատկան մարմիններին ու նկատել, որ իրենք եկել են բավականին ամբիցիոզ ծրագրով և մտադիր են վերադարձնել «Սիենան» այնտեղ, որտեղ նա արժանի է լինել:

Ապագան

Անդրեա Գրամատիկան միանգամից անցել է գործի, ինչպես փոխանցում են իտալական լրատվականները: Ճիշտ է, մինչև մրցաշրջանի մեկնարկը քիչ ժամանակ կա, սակայն փորձելու են այս ընթացքում լուծում տալ մի շարք կարևոր հարցերի՝ սկսած մարզականից մինչև կազմակերպչական: Հավելենք, որ մրցաշրջանը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 20-ից Իտալիայի գավաթի խաղարկության խաղերով, իսկ Սերիա «D»-ի առաջին տուրը նշանակված է սեպտեմբերի 27-ին: Անկախ ամեն ինչից, ինչպես միաբերան նշում են տեղի պարբերականները, «Սիենայի» նոր պատմության սկիզբը դրված է:

Hot Videos