«Մրցակցի փոփոխությունն աշխատեց». Ինչպես Հայաստանը հաղթեց «Ռեյնպարկում»

Երրորդ փորձից Հայաստանի ընտրանուն հաջողվեց երեք միավոր վաստակել Վադուցի «Ռեյնպարկում»: Ճիշտ է, մրցակիցն առանձնապես չձգտեց դրանք իրենով անել, բայց Կապառոսի տղաներին էլ հեշտ չտրվեցին: Փորձերն իսպանացու՝ բեկելու խաղի ընթացքը, չախշատեցին: Այս հարցում նրան օգնեց գործընկերը Լիխտենշտեյնից՝ խաղադաշտ դուրս բերելով Նոային շվեյցարական առաջին լիգայի երրորդ խմբից: Վերջինս ցույց տվեց, թե ինչպես են գլխի հարվածով եզրափակում եզրից կատարված փոխանցումները: Շատ ուսուցողական էր, հատկապես Ալեքսանդր Կարապետյանի համար:

Պահել նշաձողը

Մակեդոնիա ու Վրաստանի նման հավաքականներին հաղթած Կապառոսի համար միավորների կորուստը Լիխտենշտեյնում կլիներ իսկական ձախողում: Պետք էր պահել նշաձողը: Նույնիսկ այս պայմաններում իսպանացին որոշել էր ապահովագրել իրեն ամեն տեսակի տհաճ անակնկալներից: Ընդմիջումից հետո ստիպված էր բացվել: Քիչ էր մնացել՝ պատժվեր ավելորդ զգուշավորության համար: Մաթեմատիկոս չէ, բայց չհաշվել չի կարող: Կարևորը՝ դրանցում չսխալվելն է:

Հաշվարկը

Մրցակիցը ողջ կազմով պաշտպանվում էր, բայց եզրայինները կարողացան փոխանցումներով կերակրել առաջին հերթին դրանց իրական հասցեատերերին: Եվ Բալեկյանը, և Կարապետյանն իրենց հնարավորությունները չօգտագործեցին: Ի՞նչ անել, եթե չի ստացվում, կամ գնդակը պարզապես չի ցանկանում հայտնվել ցանցում: Չերևաց Կապառոսի կատարած հաշվարկի այլընտրանքը: Օրինակ Միրանյանի փոփոխությունը հազիվ թե խոսում է դրա մասին: Պարզ է՝ վերջում խնդիրը պարզ էր դրված: Ամեն գնով խփել այդ գոլը, բայց միշտ չէ, որ այդ հարցում օգնության են հասնում մրցակիցները:

Հարվածներն ու ստանդարտները

Նման սցենարով խաղերում հաճախ օգնության են գալիս ստանդարտ դրություններն ու ոչ ստանդարտ գործողությունները: Հայաստանի ընտրանին այս մասով լուրջ անակնկալներ չէր պատրաստել մրցակցի համար. ուղիղ հարվածներն՝ անպտուղ,  փոխանցումներն ու խաղարկումները՝ կանխատեսելի ու ընթեռնելի: Տնային աշխատանքը գրեթե չերևաց: Թերևս Համբարձումյանի ներկայությունը մոտակա անկյան մոտ ու նրա գլխով խաղը կարելի է նշել, բայց դրանք էլ անցան առանց վտանգի: Ընդհանրապես Հայաստանի ընտրանին մոտ երեք տասնյակ հարված կատարեց, կեսից ավելին շեղ ու ոչ մի գոլ:

Հաղթանակից հետո

Վերջում մնում է արդյունքը և կարևոր էր սկսել հաղթանակով: Առջևում երևանյան խաղերն են, մրցակիցներն էլ՝ այլ մակարդակի: Սկզբում բախվելու ենք իսլանդական արգելքին, որն անհամեմատ ամուր է ու բարձր: Ինչպիսի հաշվարկ կանի Կապառոսն այս անգամ: Շատ հարցերի պատասխաններ Լիխտենշտեյնի հետ խաղն էր տալու: Արդյոք դրանք բավարարե՞ցին իսպանացուն: 

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Լուսանկարը՝ ՀՖՖ