Սերիա «A». «Յուվեն» չորրորդն է, Մխիթարյանը՝ «Ռոմայի» լավագույն ռմբարկու

Իտալիայի Սերիա «А»-ն ավարտվեց: Միլանի «Ինտերը» վաղաժամ ապահովել էր առաջին տեղն ու տևական դադարից հետո վերցրեց չեմպիոնական գավաթը Թուրինի «Յուվենտուսից»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հավաքեց 91 միավոր, երկրորդ տեղը բաժին հասավ «Միլանին»՝ վաստակած 79 միավորով: Մեկ միավոր պակաս հավաքեց ու երրորդ հորիզոնականում հանգրվանեց «Ատալանտան»: Նույնքան միավոր ունի ակտիվում անցած մրցաշրջանի հաղթող «Յուվենտուսը», բայց լրացուցիչ արդյունքներով զիջեց Բերգամոյի թիմին ու եզրափակեց լավագույն քառյակը: Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում Իտալիան կներկայացնեց «Ինտերը», «Միլանը», «Ատալանտան» ու «Յուվենտուսը»:

«Նապոլին» մոտ էր քառյակին, սակայն ի վերջո բավարարվեց հինգերորդ տեղով՝ վաստակելով 77 միավոր: Ջենարո Գատուզոյի սաները եվրագավաթային գալիք մրցաշրջանը կսկսեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլից: Նույն տեղից իր եվրագավաթային ընթացքը կսկսի Հռոմի «Լացիոն», որը 68 միավորով զբաղեցրեց վեցերորդ տեղը: Հռոմի մյուս թիմը՝ «Ռոման», գրավեց յոթերորդ հորիզոնականը: Ֆոնսեկայի սաները մրցաշրջանը փակեցին 62 միավորով և կխաղան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում:

Ութերորդ հորիզոնականը զբաղեցրեց «Սասուոլոն» (62), իններոդ տեղը՝ «Սամպդորիան» (52): Տասնյակն եզրափակեց «Վերոնան»՝ վաստակած 45 միավորով: «Բենևենտոն» (33), «Կրոտոնեն» (23) և «Պարման» (20) դուրս մնացին և հաջորդ մրցաշրջանում կխաղան Սերիա «B»-ում:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփած 29 գոլով: Պորտուգալացին անցկացրեց 33 հանդիպում: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Բելգիացին խփեց 24 գոլ, եռյակը փակեց Լուիս Մուրիելն «Ատալանտայից»՝ խփած 22 գոլով:

Գոլային փոխանցումներով հավասարը չունեցավ «Ատալանտայի» լեգեոներ Ռուսլան Մալինովսկին: Ուկրաինացի կիսապաշտպանը կատարեց 12 գոլային՝ անցկացրած 36 խաղում: Երկրորդ տեղը գրավեց Լուկակուն «Ինտերից»՝ 11 գոլայինով: Երրորդ հորիզոնականը կիսեցին Խուան Կուադրադոն «Յուվետուսից», Պյոտր Զելինսկին «Նապոլիից» ու Հենրիխ Մխիթարյանը Հռոմի «Ռոմայից»: Երեքն էլ կատարեցին 10-ական գոլային փոխանցում:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ արդեն ավարտված առաջնության «Ռոմայի» լավագույն ռմբարկու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը խփեց 13 գոլ, նա աչքի ընկավ նաև վերջին տուրի «Սպեցիայի» հետ մրցավեճում:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԻՆՏԵՐ 38 28 7 3 89 35 91
2 ՄԻԼԱՆ 38 24 7 7 74 41 79
3 ԱՏԱԼԱՆՏԱ 38 23 9 6 90 47 78
4 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 38 23 9 6 77 38 78
5 ՆԱՊՈԼԻ 38 24 5 9 86 41 77
6 ԼԱՑԻՈ 38 21 5 12 61 55 68
7 ՌՈՄԱ 38 18 8 12 68 58 62
8 ՍԱՍՈՒՈԼՈ 38 17 11 10 64 56 62
9 ՍԱՄՊԴՈՐԻԱ 38 15 7 16 52 54 52
10 ՎԵՐՈՆԱ 38 11 12 15 46 48 45
11 ՋԵՆՈԱ 38 10 12 16 47 58 42
12 ԲՈԼՈՆՅԱ 38 10 11 17 51 65 41
13 ՖԻՈՐԵՆՏԻՆԱ 38 9 13 16 47 59 40
14 ՈՒԴԻՆԵԶԵ 38 10 10 18 42 58 40
15 ՍՊԵՑԻԱ 38 9 12 17 52 72 39
16 ԿԱԼՅԱՐԻ 38 9 10 19 43 59 37
17 ՏՈՐԻՆՈ 38 7 16 15 50 69 37
18 ԲԵՆԵՎԵՆՏՈ 38 7 12 19 40 75 33
19 ԿՐՈՏՈՆԵ 38 6 5 27 45 92 23
20 ՊԱՐՄԱ 38 3 11 24 39 83 20