Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ թիմից, այս մասին թվիթերի իր էջում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան: Վերջինս նշում է, որ պատճառը կարող է լինել այն, որ գալիք մրցաշրջանից հռոմեացիներին մարզելու է Ժոզե Մոուրինյոն: Հայ ֆուտբոլիստն ու պորտուգալացին միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում», բայց նրանց միջև լարված հարաբերություններ են եղել: Ժոզեի օրոք Մխիթարյանը չէր ստանում շատ խաղաժամանակ:

Հայաստանի ազգային ընտրանու ավագի գործող պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ ավարտվում է գալիք հունիսին: Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Հենոն մտադիր չէ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած Հենոն «Ռոմայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 11 գոլ ու կատարել գոլային 11 փոխանցում: