Մխիթարյան. «Անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական»

Ժամեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Խորվաթիայի ու Շվեդիայի հետ ընկերական խաղերին: Իսպանացին հրավիրել է 23 ֆուտբոլիստ, հինգը նորեկ են: Ցուցակում չէր Հռոմի «Ռոմայի» ու ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անհասկանալի պատճառներով չի հրավիրվել հավաքական:

«Ի զարմանս ինձ, տեղեկացա Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից, որ  անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական կայանալիք միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես տղաների կողքին եմ ու հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանը:

Կապառոսը, մեկնաբանելով ֆուտբոլիստների ընտրությունն, ասել էր, որ հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից:

«Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների»,- ասել էր իսպանացին: