Որքան է Մխիթարյանը վաստակել «Արսենալում» և որքան բոնուս է ստացել տեղափոխվելիս

Դիկ Լոուն, որը ժամանակին եղել է Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերների բաժնի ղեկավարը, պատմել է, որ ապշել է, երբ լսել է, թե որքան է «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել Ալեքսիս Սանչեսին և նրա գործակալին այն բանից հետո, երբ «Զինագործները» համաձայնել են փոխանակել Հենրիխ Մխիթարյանի հետ 2018 թվականին:

2017/2018 թթ մրցաշրջանի ընթացքում՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» փորձում էր ինչ-որ բան ամեն դեպքում ստանալ Ալեքսիսի հնարավոր տրանսֆերից և սա այն բանից հետո, երբ մրցաշրջանի մեկնարկից առաջ մերժել էին «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը: «Քաղաքայիններն» առաջարկում էին 60 միլիոն  ֆունտ:

Ի վերջո «Արսենալն» ու «Յունայթեդը» կարողացան պայմանավորվել և առանց որևէ հավելավճարի ու գումարի պարզապես փոխանակվեցին խաղացողներով: Արդյունքում Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», իսկ հակառակ ուղղությամբ՝ Ալեքսիսը:

Դիկ Լոուին, այդուամենայնիվ, զարմացրել է Սանչեսի տեղափոխության մանրամասները, մասնավորապես հարցի ֆինանսական կողմը: The Athletic պարբերականին տված հարցազրույցում Լոուն պատմել է, թե ինչպես է Սանչեսի գործակալ Մինո Ռայոլան «օգտվել ամբողջ գործարքից»:

Լոուն նկատել է, որ որպես կանոն նման գործարքները ամենաբարդերից են, քանի որ խոսքը գնում է խաղացողներին գնահատելու մասին և ցանկացած կողմ իր ֆուտբոլիստին բարձր է փորձում գնահատել: Ինչ վերաբերում է Մխիթարյանին ու Սանչեսին, ապա մեկը ցանկանում էր տեղափոխվել «Յունայթեդ», մյուսը՝ «Արսենալը» և դրա համար ամեն ինչ այդպես հեշտ ստացվեց:

«Խնդիրներից մեկը խաղացողների հետ բանակցություններն էին ու գործակալներին հասանելիք վճարները: Ապշած էինք, երբ իմացանք, թե որքան է «Յունայթեդը» վճարել խաղացողին ու գործակալին»,- ասել է Լոուն:

Գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով՝ Սանչեսը «Յունայթեդում» շաբաթական վաստակում էր 391 հազար ֆունտ՝ ստանալով 6,7 միլիոն ֆունտ պայմանագիր ստորագրելու համար, մինչդեռ Մխիթարյանը վաստակում էր 144 հազար ֆունտ շաբաթական «Էմիրեյթսում» և ուներ 8,5 միլիոն ֆունտի հասնող բոնուս:

Ալեքսիսն ամեն կերպ ցանկանում էր լքել «Էմիրեյթսը», իսկ «Յունայթեդն» ուզում էր ձեռք բերել ֆուտբոլիստին: Մեծ հաշվով գործարքի հիմքում առաջին հերթին մանկունիանցիների մեծ ցանկությունն էր տեսնել խաղացողին իրենց շարքերում և ըստ Լոուի հենց դրանից էլ օգտվել է Մինո Ռայոլան:

Լոուն համարում է Ռայոլանին իր գործի պրոֆեսիոնալը և շեշտել է, որ կարող է նրա հետ աշխատել առավոտից մինչև գիշեր: Մյուս կողմից ընդգծել է, որ Մինոն շատ լավ տիրապետում է տրանսֆերային գործի բոլոր հնարքներին և գիտե որտեղ ու ինչ լծակներ կիրառել:

«Պատկերացրեք, թե ինչ լծակներից է օգտվել Մինոն լավ իմանալով, որ հենց Ալեքսիսն է գործարքի հիմքը և ես կարծում եմ, որ հենց այդպես էլ նա իրականացրել է ամբողջ գործարքը»,- հավելել է Լոուն:

Հիշեցնենք, որ Սանչեսի տեղափոխությունն աղետալի ավարտ ունեցավ. խաղացողը «Յունայթեդի» կազմում անցկացրեց ընդամենը 45 հանդիպում և խփեց 5 գոլ և դրանից հետո վարձավճարով տեղափոխվեց Միլանի «Ինտեր» 2019 թվականին: Մեկ տարի անց իտալական կողմը ձեռք բերեց ֆուտբոլիստի տրանսֆերը:

Մխիթարյանի նորամուտը վառ ստացվեց. առաջին խաղում հայ ֆուտբոլիստը գոլային երեք փոխանցում կատարեց, սակայն շատ լուրջ հաջողությունների հյուսիսային Լոնդոնում չհասավ: Ինչպես Սանչեսը, այնպես էլ Մխիթարյանը 2019 թվականին վարձավճարով տեղափոխվեց Իտալիա, բայց այս դեպքում Հռոմ: Սկզբում «Ռոմայում» Հենոն խաղաց վարձավճարով, իսկ մեկ տարի անց ստորագրեց նոր պայմանագիր՝ դառնալով «Գայլերի» լիարժեք անդամը: