«Պայմանագիր, որը կործանեց «Բարսելոնան». Մեսսին դատի կտա «El Mundo» պարբերականին

Իսպանական El Mundo պարբերականի տրամադրության տակ են հայտնվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և ակումբի միջև կնքված պայմանագիրը: Պարբերականը հրապարակել է տվյալներ պայմանագրից, որը նախատեսված է չորս տարով:  Արգենտինացին իր ստորագրությունը նշված պայմանագրի տակ դրել է 2017 թվականին:  «El Mundo»-ն հրապարակումը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Պայմանագիր, որը կործանեց «Բարսելոնան»:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ չորս տարվա համար Մեսսին կստանա 555 միլիոն եվրո գումար (555 237 619): Մեկ մրցաշրջանի համար ֆիքսված 138 միլիոն եվրո գումարած պարգևավճարները: 115 միլիոն եվրոյից մի փոքր ավելի (115 225 000) Լեոն կստանա որպես հավելավճար պայմանագիրը ստորագրելու համար: Մոտ 78 միլիոն եվրո (77 929 955) նախատեսված է հավատարմության համար:

Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ժամկետի ավարտից հինգ ամիս առաջ խաղացողն արդեն վաստակել է 511 540 545 եվրո գումար: Անցած ամռանը խաղացողը փորձ արեց հեռանալ ակումբից, սակայն ի վերջո որոշեց մնալ: Խաղացողի տրանսֆերը մինչ օրս ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» ու «Պարի Սեն Ժերմենը»:

Իսպանական լրատվամիջոցներն արդեն հայտնում են, որ Մեսսին որոշել է դատի տալ «El Mundo»-ին: Արգենտինացու փաստաբանը պատրաստվում է հայց ներկայացնել պարբերականի դեմ և հնարավորության դեպքում մտադիր է պատասխանատվության ենթարկել ակումբի աշխատակիցներին, որոնք կարող են կապ ունենալ արտահոսքի հետ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am