Իմիջային իրավունքներ, մեգաբոնուսներ, տոմսերի վաճառքի կտրուկ աճ. Մեսսիի տրանսֆերը կարող է փոխել ֆուտբոլային ինդուստրիան

Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերը «Բարսելոնայից» կդառնա առանցքայիններից մեկը ֆուտբոլի պատամության մեջ: Արգենտինացու տեղափոխության նշանակությունն այնքան հսկայական է, որ նույնիսկ հարցի ֆինանսական կողմն է մղվում երկրորդակն պլան:

  • Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
  • «Բարսայի» ավագը կարող է նույնիսկ անվճար լքել «Կամպ Նոուն»
  • Հնարավոր է՝ «Սիթիում» արգենտինացին ավելի քիչ աշխատավարձ կստանա
  • Փորձագետները պատմել են՝ որքան արժե Մեսսին

Տրանսֆերային այս պատմությանը բնորոշ առանձնահատկությունն այն է, որ արգենտիացի սուպերաստղը, որը կարիերայի ընթացքում 600-ից ավելի գոլ է խփել, հաղթել է 33 տիղտոս և վեց անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, չէր փորձի խոսել հեռանալու մասին առանց պատճառ:

«Սիթիին» միանալու հետ կապված հնարավոր ու անհնարին պատմությունների և խոսակցությունների ֆոնին ևս մեկ կարևոր դիտարկում, որը հատուկ ընդգծում են մասնագետները. Մեսսին կիրակի օրը «Բարսելոնայի» մարզաբազայում չի անցել կորոնավիրուսի թեստը նախապատրաստական փուլին ընդառաջ:

Մեսսին կարծում է, որ իր պայմանագրում առկա դրույթը թույլ է տալիս իրեն անվճար հեռանալ ու միանալ եվրոպական մեկ այլ ակումբի: Անկախ ամեն ինչից, ստեղծված իրավիճակում Մեսսին միայնակ շատ բան չի կարողանա անել. անհրաժեշտ է ակումբ՝ ֆինանսական լուրջ ռեսուրսներով:

Բանն այն է, որ բացի հիմնական աշխատավարձից, որը Լեոն ստանում է «Բարսայում», կան իմիջային իրավունքներ, պարգևավճարներ, բոնուսներ և այլ լրացուցիչ կետեր ու հարցեր, որոնք պետք է հստակեցնել ու որոնց պետք է լուծում տալ:

Պարզ է, որ նույնիսկ «Սիթիի» նման ակումբը, որն առաջին հայացքից ֆինանսական խնդիրներ չունի, կարող է բախվել այս հարցում որոշակի խոչընդոտների: Չնայած շատ է խոսվում այն մասին, որ Մեսսին անշուշտ կհամաձայնի աշխատավարձի չափի կրճատման, եթե այդուամենայնիվ տրանսֆերը դեպի Մանչեսթեր կայանա: Ոչ պաշտոնական տվյալների՝ «Բարսելոնայում» Մեսսին ստանդարտ աշխատավարձի տեսքով շաբաթական վաստակում է մոտ կես միլիոն ֆունտ:

Բրիտանացի փորձագետները, որոնք մասնագիտացված են ֆուտբոլի հենց ֆինանսական հարցերում, կարծում են, որ կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակում Պրեմիեր լիգայի ակումբները չեն կարող իրենց թույլ տալ մեծ գումարներ ծախսել խոշոր գործարքների վրա ինչպես ֆինանսական, այնպես էլ PR-ի տեսանկյունից:

Մասնավորապես Ռոբերտ Ուիլսոնը Sportsmail պարբերականի հետ զրույցում ասել է. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կփորձի նման փաթեթ ձեռք բերել: Չեմ տեսնում, որ որևէ մեկն ամեն կերպ փորձի իր կողմը գրավել, առավել ևս Պրեմիեր լիգայում, հատկապես ներկայիս պայմաններում: Պրեմիեր լիգայում մենք հիմա կարող ենք տեսնել, որ ակումբները զգուշավորություն են ցուցաբերում: Հիմա գլխավոր խնդիրը, որ փորձում են լուծել՝ ֆինանսապես կայունանալն է: Գոյություն ունի նաև հարցի սոցիալական կողմը: Երբ սկսում ես մեծ գումարներ վճարել, դա շատերի կողմից մեղմ ասած ճիշտ չի ընկալվում: Երևում է՝ ակումբները փորձում են նման պատմություններում հարցն ավելի շատ տեղափոխել սոցիալական հարթություն: Ըստ ամենայնի Մեսսիի շաբաթական աշխատավարձը, որը նա կարող է ստանալ, առավելագույնը կարող է հասնել 300 հազար ֆունտից ավելիի»:

Մեծ հաշվով շատ բան կախված է նրանից, թե արդյոք «Սիթին» ստիպված կլինի վճարել տեղափոխության համար: Արգենտինացու գործող պայմանագրում կա դրույթ համաձայն որի նրա կարող է հեռանալ անվճար մրցաշրջանի ավարտից հետո: Մյուս կողմից կատալոնական ակումբից պնդում են, որ նշված դրույթն ուժի մեջ էր մինչև հունիսի 10-ը: Ֆուտբոլիստն իր հերթին պնդում է, որ ժամկետը պետք է երկարաձգվեր՝ հաշվի առնելով այն, որ համավարակի պատճառով մրցաշրջանը Լա Լիգայում ավարտվեց օգոստոսի 14-ին:

Սպասվում է, որ եթե Մեսսին հեռանա «Բարսայից» անվճար, ապա նրա գործակալները կարող են պահանջել ավելի բարձր աշխատավարձ. «Եթե նա կարողանա անվճար հեռանալ, ապա նրա համար լավ կլինի: Դա նրան հնարավորություն կտա նոր գործատուներից շաբաթական ավելի բարձր աշխատավարձ պահանաջել: Եթե տեղափոխության համար փոխհատուցում լինի, ապա դա կնշանակի աշխատավարձի չափի նվազում: Ֆուտբոլային ակումբը գնահատում է գործարքի ընդհաուր արժեքը, այլ ոչ թե տրանսֆերի համար վճարված գումարը միայն. սա տեղափոխության համար, սա էլ գումարած գործակալի գումարը: Մեսսիի տեղափոխությունը «Սիթի» ավելի հավանական է այն դեպքում, երբ «Սիթին» 100 միլիոն ֆունտով կարողանա ավարտին հասցնել գործարքը՝ չվճարելով տեղափոխության համար»:

«Բարսելոնայում» Մեսսին հիմնական աշխատավարձի տեսքով տարեկան վաստակում է մոտ 26 միլիոն ֆունտ: Խոսքը հարցի մարզական կողմի մասին է, այսինքն այդքան ստանում է խաղադաշտում կատարած աշխատանքի համար: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ գործ ունենք ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկի հետ, որի հեղինակությունն ու իմիջն ինքնին ենթադրում են հսկայական գումարների հասնող գործարքներ ու պայմանագրեր խաղադաշտից դուրս:

Մեսսին այստեղ նույնպես մեծ գումարներ է աշխատում. ֆուտբոլային ակումբները վճարում են խաղացողներին խաղադաշտից դուրս կոմերցիոն գործունեության համար, ինչը նրանց նույնպես օգուտ է բերում: Օրինակ Ստիվեն Տեյլորը JMW Solicitors-ից, որ հասցրել է խոշոր ակումբները ներկայացնող խաղացողների իմիջային իրավունքների հետ կապված պայմանագրեր ստորագրել, ասել է, որ Մեսսիի իմիջն ու հեղինակությունը կկրկնապատկի ցանկացած աշխատավարձ, որը նա ստանում է: Մեսսին բավականին պահանջված ֆիգուր է ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Սա աշխատում է հետևյալ կերպ. դիցուք, դուք վճարում եք 100 հազար ֆունտ շաբաթական: Դուք կարող եք ներկայացնել, որ քսան տոկոսը կապված է իմիջի իրավունքների հետ:

Մեսսին դասվում է այն խաղացողների շարքին, որոնք կոմերցիոն տեսանկյունից կարևոր են ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրանից դուրս: Նման պատկեր էր նաև Դևիդ Բեքհեմի դեպքում: Մյուս կողմից, Անգլիայում ներքին եկամուտները շատ բարձր են իմիջի իրավունքների պայմանագրերի թվի աճի պատճառով: Դուք չեք կարող թույլ տալ, որ սովորական խաղացողն իր աշխատավարձի 40 տոկոսը ստանա իմիջի իրավունքներից, բայց երբ խոսքը գնում է Մեսսիի նման ֆուտբոլիստի մասին, պետք է խոստովանել, որ ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:

Սա նշանակում է, որ եթե Մեսսիի բազային աշխատավարձի տեղեկությունը ճիշտ է, ապա «Սիթի» տեղափոխվելու դեպքում արգենտինացին շաբաթական վաստակելու է մոտ 600 հազար ֆունտ, որն իր մեջ ներառելու է ֆիքսված աշխատավարձն ու իմիջի իրավունքներից ստացած գումարը:

Նկատենք, որ սա էլ վերջը չէ: Պետք չէ մոռանալ, որ այս ամենին ավելանում են նաև բոնուսները, որոնց չափը կախված է մրցելույթներից: Խոսքը հավելավճարների մասին է, որոնք գոյանում են գոլերի ու անցկացրած խաղերի քանակից, գոլային փոխանցումների և ամենակարևորը հաղթած տիտղոսներից: Պարզ է՝ որքան մեծ լինի Մեսսիի դերակատարումը նոր ակումբում, այդքան շատ բոնուսներ: Ճիշտ է, շատերն են այս ընթացքում նշում, որ զուտ հավելավճարների մասով Մեսսիի բոնուսները շատ չեն տարբերվի նույն Ստերլինգի կամ Դե Բրյույնեի բոնուսներից:

Չեմպիոնների լիգայի մրցանակային ֆոնդը մոտ 100 միլիոն ֆունտ է: Անգլիայում կարծում են, որ Մեսսին դրանից կստանա մոտ 10 միլիոն ֆունտ: Վերջին խաղարկությունում նրանք չանցան կիսաեզրափակիչ: Եթե Մեսսիի հետ նրանք հաղթահարեն այդ արգելքը, ապա արգենտինացին հանգիստ կարող է պնդել, որ լուծումն իր մեջ էր:  Նրա գործակալը կարող է ասել, որ եթե դուք հաղթեք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և դա ձեզ բերի լրացուցիչ գումարներ բոնուսների տեսքով, ապա այդ հաջողությունում քիչ չի լինի նաև նրա դերակատարումը: Սա նշանակում է, որ նույնիսկ հնարավոր տրանսֆերից մեկ տարի անց «Սիթին» բոնուսներ կվճարի:

Իհարկե, Մեսսիի հնարավոր տրանսֆերն ենթադրում է հսկայական ծախսեր, սակայն հնարավոր գնորդը կարող է դրանից ակնկալել նաև մեծ եկամուտներ: Բնական է՝ հարցը շատ սուր է դրված և «Սիթին» պետք է փորձի ամեն դեպքում արդարացնել իր քայլը՝ հատկապես սպասումների ֆոնին, որոնք ակումբն ուներ նույն Ստերլինգի կամ Գաբրիել Ժեսուսի տրանսֆերներից հետո:

Այն, որ Մեսսիի գործակալները բանակցություններում փորձում են կամ փորձելու են աչքի ընկնել առավելագույն երևակայությամբ, դրանում ոչ ոք, կարծես, չի կասկածում: Օրինակ նրանք կարող են նշել եկամուտների տարբեր հոսքեր, որոնք, ըստ իրենց, հնարավոր կդառնան միայն Մեսսիի գործոնի շնորհիվ:

Պոտենցիալ աղբյուրներից մեկը տոմսերի վաճառքից ստացված եկամուտներն են: Չնայած «Սիթիի» գրանցած հաջողություններին խաղադաշտում՝ «Էտիհադում» քիչ չեն դատարկ նստատեղերը: Պատկերն իհարկե կփոխվի, եթե Մեսսին տեղափոխվի Մանչեսթեր: Կավելանան եկամուտները նաև հեռարձակումներից: ՈւԵՖԱ-ն այս հարցում ստիպված կլինի հաշվի նստել ու հաշվի առնել Մեսսիի գործոնը «Սիթիի» կազմում: Այս բոլորը «Մեսսիի» գործոնի առավելություններն են»: Այս ամենի արդյունքում ակումբը ավելի շատ գումար կսկսի վաստակել:

Թերևս միակ ոլորտը, որից Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը չի կարող հաղթող դուրս գալ՝ մարզաշապիկների վաճառքն է: Մեսսիի անունով ու նրա խաղահամարով մարզաշապիկը ամենապահանջվածներից մեկն է ֆուտբոլային աշխարհում, բայց այստեղ որոշիչ խոսքը պատկանում է «Puma» ընկերությանը, որը տարեկան 65 միլիոն ֆունտ է վճարում ակումբներին մարզաշապիկները արտադրելու համար:

«Ընկերությունները, որոնց շարքին է պատկանում «Puma»-ն, վճարում են միայն խաղերի համար նախատեսված մարզաշապիկներն արտադրելու լիցենզիայի համար, իսկ հետո մնացած վաճառքից ստացված գումարները գնում են իրենց, այլ ոչ թե ակումբներին»,- ասել է Ուիլսոնը:

Չի բացառվում, որ լինի դրույթ: Օրինակ եթե վաճառեն մի քանի միլիոն մարզաշապիկ, ապա ակումբը կստանա այսքան տոկոս, բայց շատ հազվադեպ է լինում, երբ էլիտար ակումբներից որևէ մեկը վաճառքից մասնաբաժին է  ստանում: Հետաբար Ուիլսոնը չի կարծում, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրվածները մտածում են նրա մարզաշապիկների վաճառքից ստացված եկամուտի մասին:

Ուրիշ հարց է, երբ «Սիթիի» տեղափոխվելուց հետո Մեսսիի մարզաշապիկներից եկամուտները կհասնեն տիեզերական թվերի: Այդ դեպքում «Puma»-ին ոչինչ չի մնա, քան «Սիթիին» վճարել հավելյալ գումարներ Մեսսիի հետ գործարքի գնալու համար:

Հովանավորչական գործարքները կունենան բոնուսներ կախված արդյունավետությունից, որոնք հովանավորը պետք է վճարի, եթե «Մանչեսթեր Սիթին» Մեսսիի հետ պայմանագիր ստորագրելու արդյունքում կարողանա հասնել արդյունավետության որոշակի ցուցանիշների, որոնց չեն կարողացել հասնել նախկինում:

Այսպիսով, Մեսսիի ծառայությունների փաթեթը կարող է ավելին լինել, քան պարզապես աշխատավարձը: Հնարավոր տրանսֆերը շատերը համարում են հեղափոխական, որը կարող է գլխիվայր շուռ տալ ֆուտբոլային ինդուստրիան կոմերցիոն առումով:

Hot Videos