Ինչո՞ւ Մեսսին հեռացավ. ի՞նչը ստիպեց «Բարսային» ու Լա Լիգային մտափոխվել

Լիոնել Մեսսին հեռացավ «Բարսելոնայից» ու արդեն հայտնի է պաշտոնապես, որ կարիերան շարունակելու է ֆրանսիական «Պարի Սեն ժերմենում»: Անցած օրերի իրադարձությունները հուշում են՝ կողմերը չէին ցանկանում բաժանվել: Շատերի համար տեղի ունեցավ անցանկալին, բայց ֆուտբոլային հանրությունն առաջին անգամ չի բախվում նման պատմության: «Բարսելոնայի» նախագահն ու Լիոնել Մեսսին հասցրել են հանդես գալ հրապարակային խոսքով ու փորձել են տալ պարզաբանումներ, բայց դեռ կան շատ անպատասխան հարցեր կապված տեղի ունեցածի հետ: Sportsmail պարբերականն անդրադարձել է թեմային ու առանձնացրել խնդիրները կապված Մեսսիի հեռանալու հետ «Բարսայում» 21 տարի անցկացնելուց հետո:

Արդեն խոսվում է այն մասին, որ ֆրանսիական «Պարի Սեն ժերմենի» ֆինանսական ֆեյր-փլեյի ցուցանիշներն ավելի վատն էին, քան «Բարսելոնայի» ցուցանիշները 2019/2020 մրցաշրջանում: Բարդ է պատկերացնելը, որ այս հարցում կատալոնական ճամբարից կկարողանան որևէ դրական արդյունքի հասնել:

Այս ընթացքում «Փարիզը» հասցրել է երեք տարբեր առաջարկ անել թիմի առաջատարներից Կիլիան Մբապեին՝ փորձելով համոզել նրան մնալ ակումբում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Համաձայն վերջին առաջարկի՝ Մբապեն մեկ մրցաշրջանում վաստակելու է 36 միլիոն եվրո: Ֆրանսիացի հարձակվողը արդեն մերժել է բոլոր առաջարկները, քանի որ ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին»: «Պարի Սեն Ժերմենը» հիմա կարող է այդ գումարներն ուղղել Մեսսիի աշխատավարձին և թույլ տալ Մբապեին հեռանալ որոշակի գումարի դիմաց, կամ, ինչն ավելի հավանական է, բաց թողնել մրցաշրջանի ավարտից հետո անվճար:

Եթե ֆրանսիական կողմը ձեռք բերեր Մեսսիի տրանսֆերն, իսկ հետո թարմացներ Մբապեի հետ գործող պայմանագրի ժամկետը, ապա, հնարավոր է, ՈւԵՖԱ-ն պետք է, որ փորձեր ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց ամեն ինչ տանում է նրան. որ «Փարիզը» իրոք գործում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների սահմաններում:

Մեսսիին ու Լապորտային լսելուց հետո կարելի է հասկանալ, թե ինչու ֆուտբոլիստը հեռացավ, բայց հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե ինչու էին բոլորը մտածում, որ խաղացողը կմնա «Բարսելոնայում» մինչև անցած հինգշաբթի: Մեսսիի հայրը՝ Խորխեն ժամանեց Բարսելոնա՝ մտածելով, որ որդին կստորագրի նոր պայմանագիր ակումբի հետ: Լեոն հասցրել է նույնիսկ հաղորդագրություն ուղարկել Ագուերոյին՝ նշելով, որ կհանդիպեն ուրբաթ օրն համատեղ առաջին մարզման ժամանակ: Լիգայի ներսում ևս հասկանում էին, որ նա մնում է: Պարզ չէ, թե ինչը փոխեց ամեն ինչ:

Ըստ աղբյուրի՝ գիտեն, որ տեղի ունեցածն ինչ-որ կերպ կապված է այն բանի հետ, որ Լա Լիգան չորեքշաբթի օրը հայտարարեց CVC ներդրումային ֆոնդի հետ նոր գործարք կնքելու մասին, որն իսպանական ֆուտբոլին կբերի 2,7 միլիարդի հասնող եկամուտ՝ չնախատեսված ծախսերի համար:

Եվ իորք, սկզբում թվում էր, թե «Բարսելոնան» ընդունել է այդ գործարքը, իսկ դրա փոխարեն Լա Լիգան պետք է գրանցի Մեսսիին հինգ տարվա նոր պայմանագրով: Խոսքն այն պայմանագրի մասին է, որը ժամեր անց դադարեց գոյություն ունենալ:

«Բարսելոնան» փոխե՞լ է իր դիրքորոշումը. նախագահ Ժոան Լապորտան հայտարարեց, որ CVC-ի հետ գործարքն անընդունելի է, որովհետև չնախատեսված մուտքերի (որոնք թույլ կտային «Բարսային» ստանալ մոտ 280 միլիոն եվրո, որից 40 միլիոնը նրանք կարող էին ծախսել խաղացողների աշխատավարձերի վրա) փոխարեն ներդրումային ֆոնդն առաջիկա 40 տարվա ընթացքում իրավունք ձեռք կբերի ստանալ La Liga TV-ի եկամուտների 10 տոկոսը:

Երևում է Լա Լիգան նույնպես փոխել է իր մարտավարությունը՝ հայտարարելով, որ Մեսսիի հինգ տարվա պայմանագիրն ևս անընդունելի է (քանի որ պարզ էր, որ նա կմնա երկու մրցաշրջան և հինգ տարվա պայմանագիր ստորագրելն աշխատավարձի սահմանափակումները շրջանցելու մեխանիզմ էր և եթե Լա Լիգան թույլ տար «Բարսային» դա անել, ապա ամեն ինչ կլիներ նրա օգտին):

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչու «Բարսելոնան» մտափոխվեց: Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ Մադրիդի «Ռեալը» չի ընդունել CVC-ի գործարքը, իսկ «Բարսելոնան» պատրաստ չի եղել Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրել միայն այն բանի համար, որպեսզի CVC-ի գումարները չնստեն հաշիվներին Մադրիդի վետոյի դեպքում: Խոսվում է նաև այն մասին, որ նրանց առջև այլ պահանջներ են դրել բացի հեռարձակումների եկամուտների 10 տոկոսից հրաժարվելը, որոնք անընդունելի էին:

Կա հարցի մեկ այլ կողմ ևս ու այստեղ թվեր չկան: Հրաժեշտի ասուլիսի ժամանակ Մեսսին նույնիսկ արտասվեց՝ խոստովանելով, որ պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացման: Համաձայնեք՝ դժվար է հեռանալ մի վայրից քսան տարուց ավելի այնտեղ անցկացնելուց հետո:

Հետաքրքիր էր, որ ասուլիսի ժամանակ Մեսսին «Բարսելոնայի» նախագահի մասին խոսելիս ասում էր «Լապորտա»: Տպավորություն էր՝ կողմերի միջև չկա որևէ կապվածություն: Մյուս կողմից Լեոն կարծում է, որ Լապորտան իր նախորդից ստացել է աղետալի ֆինանսական ժառանգություն և այս պահին վերջինիս միակ բացթողումն այն է, որ նա փորձել է ներկայացնել իրավիճակը դրական լույսի ներքո չնայած իրականում պատկերն այլ էր:

Լապորտան մշտապես պնդում էր, որ Մեսսին կմնա: Սկզբում ասում էր այդպես, քանի որ ծանոթ չէր ակումբի ֆինանսական փաստաթղթերին: Հետո, երբ ծանոթացավ ակումբի ֆինանսների իրական պատկերին, հասկացավ, որ Լա Լիգայի դռներից ներս կա ինչ-որ հնարավորություն, որը կօգնի պահել Մեսսին: Վերջիվերջո ակումբը որոշեց, որ չի կարող ընդունել այդ «փաթեթը»:

Վերջին օրերին խոսվում է նաև այն մասին, որ տեղի ունեցածից հետո Լապորտան կարող է հեռանալ, բայց նման բան դժվար թե տեղի ունենա: Հիմա կա խնդիր ստեղծել թիմ Մեսսիից հետո: Պեդրին պետք է դառնա ակումբի նոր դեմքը, ակումբն էլ պետք է փորձի կրճատել ծախսերն ու գտնել եկամուտների նոր աղբյուրներ:

Դժվար գործընթաց է: «Բարսան» չկարողացավ պահել Մեսսիին, որովհետև գումար չուներ, բայց միևնույն ժամանակ նոր գումարներ ներգրավելու լավագույն միջոցը՝ Մեսսիին պահելն էր: Ըստ տարբեր գնահատականների՝ առանց իր խորհրդանիշի ի դեմս Մեսսիի ակումբը հովանավորների վրա կնստի 30 տոկոսով ավելի քիչ:

Կար ևս մեկ տարբերակ, որի դեպքում Մեսսին կարող էր մնալ թիմում, եթե վերջինս շարունակեր մրցելույթները՝ հրաժարվելով աշխատավարձից: Գուցե զուտ ֆինանսական տեսանկյունից խաղացողը կարող էր դա անել, բայց դա երկար չէր շարունակվի, առավելագույնը մեկ տարի: Գումարները, որոնք ստանում է հովանավորներից, ամեն դեպքում, կնստեին խաղացողի հաշվեհամարներին: Չի բացառվում, որ նույնիսկ թվերը կավելանային նման քայլից հետո, բայց ակումբն երբեք նման խնդրանքով հանդես չի եկել, խաղացողն էլ իր հերթին նման լուծում չի առաջարկել: Ըստ նրա՝ աշխատավարձի կեսից հրաժարվելը պետք է բավարարեր, որպեսզի հարցը լուծում ստանա: Չստացվեց: