Մանեի 100-րդ, Վարդիի 150-րդ գոլը. Սիլվան, Կանտեն, Լինգարդն ու տուրի մյուս հերոսները

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում լոնդոնյան դերբիի շրջանակներում «Չելսին» մրցակցի դաշտում երեք անապատասխան գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը: Հյուրերի կազմում հաշիվը բացեց կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան: Վերջինս դա արեց 36 տարեկան 362 օրական հասակում՝ դառնալով «Ազնվականների» կազմում Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Դիդյե Դրոգբայից հետո: Կոտդիվուարցին 2015 թվականի ապրիլին աչքի է ընկել 37 տարեկան 49 օրական հասակում:

Երկրորդ գոլը «Չելսիի» կազմում խփեց Նգոլո Կանտեն: Ֆրանսիացին իր առաջին գոլը խփեց 49 խաղում: Վերջին անգամ նա աչքի էր ընկել 2019 թվականի նոյեմբերին «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճում: Ի դեպ, առաջնությունում վերջին չորս գոլից երեքը Կանտեն խփել է մրցակցի տուգանայինից դուրս կատարած հարվածներով:

«Տոտենհեմն» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց երեք կամ ավելի  գոլի տարբերությամբ: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2011/12 թթ մրցաշրջանում: Այդ ժամանակ նրանք 3:0 եւ 5:1 հաշիվներով պարտվել էին համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Մանչեսթեր Սիթիին»:

Հաշվետու մրցավեճում կրկին գոլ չկարողացավ խփել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնը: Վերջինս չի կարողանում գոլ խփել Պրեմիեր լիգայի մեկնարկային չորս տուրում առաջին անգամ սկսած 2015/16 թթ մրցաշրջանից: Ի դեպ, Անգլիայի ազգային ընտրանու հարձակվողն անցկացրած չորս խաղում ընդամենը չորս հարված է կատարել:

Խաղային նույն օրը կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիանցիներին հաղթանակ պարգեւեց Ջեյսի Լինգարդը: Վերջինս դարձավ 49-րդ ֆուտբոլիստը, որը Պրեմիեր լիգայի շրջանակներում գոլ է խփել ինչպես «Վեստ Հեմի» կազմում, այնպես էլ նրա նրա դեմ խաղում:

Պարտվեց այս տարում «Լեսթեր Սիթին»: Բրենդան Ռոջերսի սաները մրցակցի դաշտում զիջեցին «Բրայտոնին» 2:1 հաշվով: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ջեյմի Վարդին: Անգլիացին իր 150-րդ գոլը խփեց «Աղվեսների» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը Արտուր Չենդլերից (273), Արտու Ռոուլիից (265) եւ Էրնի Հայնիից (156) հետո:

Տուրի խաղային առաջին օրը վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլը»՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Կրիստալ Պելասի» դարպասը: Հաշիվը բացեց Սադիոն Մանեն՝ խփելով իր 100-րդ գոլը «Կարմիների» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Ի դեպ, այդ գոլերի 10-ը Մանեն խփել է «Պելասի» հետ մրցավեճերում:

Մեկ միավորով բավարարվեց «Մանչեսթեր Սիթին», որը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաուտհեմպտոնի» հետ: «Սիթիի» կազմում իր 200-րդ հանդիպումը Պրեմիեր լիգայում անցկացրեց Ռահիմ Ստերլինգը: Նա իններորդ խաղացողն է «Սիթիի», որը հասնում է 200 խաղի սահմանին եւ երկրորդ անգլիացին Ջո Հարթից հետո: