«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի». «Դարաշրջան» որոշող եզրափակչից առաջ

Վաղը Լիսաբոնում անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կորոշեն Եվրոպայի չեմպիոնների չեմպիոնին: Անգլիական եզրափակչի հնարավոր ընթացքն այս օրերին փորձել են կանխատեսել շատերը, վերլուծել ու առանձնացրել գլխավոր կետերը: Իսկական ֆուտբոլային գանձարան միջազգային հարթակների, մասնավորապես բրիտանական պարբերականների համար: Առնվազն մինչև հանդիպումը մթնոլորտը կմնա շիկացած՝ լի ինտրիգներով, սակայն կան փորձագետներ, որոնք զգուշացնում են՝ աժիոտաժը կանցնի, իսկ մարդիկ կլռեն անմիջապես այն ժամանակ, երբ թիմերը դուրս կգան խաղադաշտ: Լարվածության ու մրցակցության բարձր չափաբաժինը, որն առկա է անգլիական գրանդների միջև խաղերում Պրեմիեր լիգայի շրջանակներում, հաճախ կորում է ավելի մասշտաբային իրադարձությունների ժամանակ:

Նման պատկեր եղել է տասներեք տարիք առաջ, երբ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի որոշիչ խաղում «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» բավականաին ձանձրալի ոչ-ոքի գլորեցին մոսկովյան անձրևի տակ ու բաժանվեցին միայն հետխաղային տասնմեկ մետրանոցներից հետո: Դրանից տասնմեկ տարի անց լիվերպուլցիների խփած արագ գոլը պետք է, որ տեղից շարժեր ու կենդանություն հաղորդեր «Տոտենհեմի» հետ հանդիպմանը, բայց դա տեղի չունեցավ:

Կհաջողվի արդյոք Տուխելի ու Պեպի սաներին խախտել տխուր ավանդույթն ու իսկական ֆուտբոլային տոն պարգևել ֆուտբոլային աշխարհին: Այս պահին ամեն ինչ կարծես հակառակի մասին է հուշում: Կողմերն այնքան են զգուշանում մեկը մյուսի ուժեղ կողմերից, որ կարելի է սպասել չափից դուրս զգույշ ֆուտբոլ: Անցած ամիսներին թիմերի ցույց տված ֆուտբոլն հուշում է՝ կնախընտրեն խանգարել ու չեզոքացնել, քան կփորձեն խաբել ու անակնկալի բերել միմյանց:

Ամեն դեպքում, հաշվետու հանդիպման կարևորությունն այնքան մեծ է, որ անկախ ամեն ինչից կստիպի ֆուտբասերին սրտի թրթիռով սպասել մինչև եզրափակիչ սուլիչը: Ի վերջո, «Մանչեսթեր Սիթիի» համար սա ամենակարևոր մրցավեճն է՝ սկսած այն պահից, երբ թիմն անցավ շեյխերի ձեռքը, մինչդեռ «Չելսիի» հնարավոր հաղթանակը կնշանակի նոր շրջանի սկզիբ, որը մինչև Տուխելի ժամանումն անցումային փուլում էր:

Գերմանացի մասնագետը հույս ունի երկրորդ փորձից տիրել եվրոպական ֆուտբոլի գլխավոր ավարին և ոչ մի  դեպքում չի ուզենա վերապրել մեկ տարվա վաղեմության հիասթափությունը: Ինչ վերաբերում է Պեպ Գվարդիոլային, ապա սրանով նա պատրաստվում է հաղթական վերջակետ դնել անցած հինգ տարվա աշխատանքին, որի նպատակը միշտ եղել է Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը բարձրացնելը: Այս տեսանկյունից եթե մոտենանք մրցաշրջանի վերջին խաղին, ապա բոլորը կմնան հիացած ու կլինեն բավարարված՝ անկախ իրենց սպասումներից: Միանգամից նշենք, որ շատ գոլեր չպետք է սպասել: Ավելին, շատ են փորձագետները, որոնք նույնիսկ գոլային քիչ պահերով խաղ են կանխատեսում:

Ընթացիկ մրցաշրջանի որոշ հատվածներում և «Սիթին», և «Չելսին» այնքան հուսալի էին թիկունքում, որ այդ մասին հոդվածը հոդվածի ետևից էին տպում: Զարմանալի չէ, որ Ռուբեն Դիասը ստացավ FWA-ի վարկածով լավագույն խաղացողի տիտղոսը Իլկայ Գյուդոգանի ու Կևին Դե Բրյույնեի փոխարեն: Զարմանալի չէ նաև, որ Տուխելի գալուց ընդամենն ամիսներ անց գերմանացու «Չելսին» համեմատելի էր երկուհազարականների կեսերի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած «Չելսիի» հետ:

Մյուս կողմից հիմա պատկերը մի փոքր փոխվել է. թիմերն արդեն այդքան անխոցելի չեն, ինչպես ամիսներ առաջ: Տուխելի գլխավորությամբ առաջին երեք ամիս ու կեսը «Չելսին» շատ քիչ էր բաց թողնում՝ 72 %: «Ազնվականները» 25 խաղում բաց են թողել 11 գոլ: Վերջին չորս խաղում նրանք բաց են թողել հինգ գոլ և արդյունքում կրել են երեք պարտություն:

«Սիթին» այդ ժամանակ հասցրեց նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը: Սուրբ Ծնունդից սկսած մինչև ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում թիմը 28 խաղում բաց է թողել 13 գոլ՝ մեկ գոլ յուրաքանչյուր 193 րոպեն մեկ: Վերջին 12 խաղում ցուցանիշը նվազեց. «Նյուքասլի» ու «Բրայտոնի» հետ խաղում ցուցանիշը հասավ մինչև 77 րոպեն մեկ:

Եթե խաղում թիմերի հուսալի խաղն ամեն դեպքում տա իր ճեղքը, ապա դրանից ամենայն հավանականությամբ կօգտվի «Սիթին»: Որքան էլ տպավորիչ լինեն «Չելսիի» արդյունքները Տուխելի օրոք, մեկ խաղում միջինը 1,3 գոլ ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչքան են նրանք շեշտը դրել նրա վրա, որ իրենց դժվար է կոտրել: Իրոք, եթե Տուխելի օրոք թիմի անցկացրած յուրաքանչյուր խաղը բաժանենք հավասար խմբերի, ապա կտեսնենք, որ նրանց գոլերի արդյունավետությունն իրականում է մահաբեր է: Կարևոր է նաև, որ «Կապույտները» մեկ խաղում երկու գոլից ավելի խփել են միայն մեկ անգամ:

Համեմատության համար Տուխելի գալուց հետո «Սիթին» մեկ խաղում խփել է միջինը 2,3 գոլ: Այսինքն յուրաքանչյուր խաղում մեկ գոլով ավելի: Գերմանացու նշանակումից հետո «Չելսիի» առաջիկա մրցակից «Սիթին» 9 անգամ խփել է երկու գոլից ավելի: Միևնույն ժամանակ պետք է արժանին մատուցել «Չելսիին» այն բանի համար, որ թիմին իրենց գոլերով միավորներ են բերել տարբեր ֆուտբոլիստներ և դա ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Բավական է նշել, Պրեմիեր լիգայում թիմի խփած գոլերի 24 տոկոսը հեղինակել են պաշտպանները:

Ճիշտ է, մինչ «Չելսիի» երկրպագուները կարդում են այս տողներն ու մտովի պատկերացնում, թե ինչպես է Անտոնիո Ռյուդիգերը բացում հաշիվը, խորհուրդ ենք տալիս լրջորեն մտածել այն վտանգի մասին, որն իրենցից ներկայացնում են Ռիյադ Մահրեզն ու Ֆիլ Ֆոդենը: Մահրեզը չորս գոլ է խփել քառորդ եզրափակրում ու կիսաեզրափակչում, իսկ Ֆոդենը վերջին 10 խաղում աչքի է ընկել հինգ անգամ:

Բուքմեյքերներն ու շատ փորձագետներ եթե սպասում են գոլեր «Սիթիից», ապա նշում են, որ դա առաջին հերթին կարող են անել Ֆոդենն ու Մահրեզը, իսկ ահա «Չելսիի» մասով կարծիքներն ու տեսակետները կիսվում են: Կան փորձագետներ, որոնք օրինակ հավատում են Տիմո Վերներին: Ասել է, թե բոլոր նախադրյալները կան, որպեսզի գերմանացին երկար լռելուց հետո փայլի գուցե իր կարիերայի ամենակարևոր խաղում: Վերների օգտին չի խոսում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչների պատմությունը. վերջին 20 եզրափակչում խփված գոլերի 40 տոկոսն հեղինակել են այն հարձակվողները, որոնցից առաջինն են ունեցել սպասելիք, բայց ինչքան գեղեցիկ կլիներ, եթե Վերներն ավարտեր մրցաշրջանն որպես հերոս:

Քանի դեռ խոսվեց անցյալի եզրափակիչների մասին, ապա տեղին է նշել,  որ վերջին 20 եզրափակչից յոթում եղել է լրացուցիչ ժամանակ: Այն,  որ առաջիկա խաղում նույնպես կարող է լինել լրացուցիչ ժամանակ հավանականությունը բավականին մեծ է: «Չելսիի» երկրպագուներին հետաքրքիր կլինի իմանալ, որ անցած եզրափակիչների գոլերի 60 տոկոսը խփվել է երկրորդ կեսերում: «Չելսին» վերջին տասը գոլից երկուսն է միայն խփել առաջին կեսերում:

Վերոգրյալից կարող ենք խաղի ընթացքի մեր տարբերակն առաջարկել: «Սիթին» բացում է հաշիվը շնորհիվ Մահրեզի կամ Ֆոդենի,  «Չելսին» հավասարեցնում է հաշիվն երկրորդ կեսում: Հետո կողմերի համար դարաշրջանն որոշող հանդիպումը կվերածվի չափից դուրս լարված ու տանջող դիմակայության ու այդպես երեսուն րոպե: Այստեղից արդեն ամեն ինչ կլինի Աստծո ձեռքերում: