Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան

Գոռ և Էդգար Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով լուսանկարներ: Ավելի վաղ նա Մալաքյան եղբայրների գործով տարածված տեղեկատվությունը համարել էր խիստ սուբյեկտիվ, միակողմանի, ուռճացված և թերի:

«Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/: Հիմա կհրապարակեմ Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը, ու դուք ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար:
Հ.Գ. Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»,- գրել է Միքայելյանը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ինչպես հայտնել էին ՀՀ Քննչական կոմիտեից, քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 316.

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 258.

Խուլիգանությունը

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Hot Videos